Մատչելիության հղումներ

ԵՄ-ն ողջունում է ավելի քան 400 բանտարկյալների ազատ արձակելու` Իլհամ Ալիևի նախաձեռնությունը


Եվրոպական միությունը ողջունում է Ադրբեջանում ավելի քան 400 բանտարկյալների ազատ արձակելու` Իլհամ Ալիևի նախաձեռնությունը:

Բրյուսելը, սակայն, Բաքվից ավելին է պահանջում, այդ թվում՝ մարդու իրավունքների ոլորտում սերտ համագործակցություն: Այս մասին ասվում է Եվրամիության արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակ Մայա Կոչինյանչիչի հայտարարությունում:

Նովրուզից առաջ՝ կիրակի օրը Ադրբեջանում կալանքից վաղաժամ ազատ են արձակվել 420 բանտարկյալներ: Իլհամ Ալիևի համաներումը տարածվել է նաև մոտ երեք տասնյակ քաղբանտարկյալների վրա, այդ թվում՝ մի խումբ ակտիվիստների, լրագրողների, ընդդիմադիր գործիչների:

Թեև իրավապաշտպանները փաստում են, որ վերջին տարիների ընթացքում Ադրբեջանի նախագահն առաջին անգամն է նման մեծ թվով քաղբանտարկյալների ազատ արձակում, այդուհանդերձ, երկրի ընդդիմությունը պնդում է՝ պայքարն ավարտված չէ, շուրջ ութ տասնյակ այլախոհներ դեռ ճաղերի ետևում են, իսկ Ալիևի մարդասիրությունը «պատճառ» ունի:

Համաներումը Ալիևի վարչակազմի նախաձեռնած բարեփոխումների մի մասն է: Միայն թե «բարեփոխում» եզրույթի հետ բոլորը չէ, որ համաձայն են: Շատերը այդ գործընթացները պարզապես իմիտացիա են համարում՝ պնդելով, որ դրա հիմքում իշխող ընտանիքի դիրքերի ամրապնդումն է:

14 տարվա պաշտոնավարման ընթացքում Ալիևը շաբաթներ առաջ առաջին անգամ հարցազրույց տվեց տեղական հեռուստաալիքին, այն էլ՝ ծավալուն: Վերջին ամիսներին Ադրբեջանի առաջնորդը հայտարարել է ֆիզիկական անձանց խնդրահարույց վարկերը ներելու որոշման մասին, նա նաև փոխհատուցում է վճարել ղարաբաղյան պատերազմի զոհերի ընտանիքներին, ավելացրել է ուսանողների կրթաթոշակները, բարձրացրել նվազագույն աշխատավարձի չափը:

Իլհամ Ալիևը նախաձեռնել է հարկային փոփոխություններ, որոնք ուղղված են փոքր ու միջին բիզնեսի զարգացմանը։ Եվ վերջապես, սկսել է մեկնել շրջաններ, որտեղ տեսախցիկների առաջ առանց թիկնապահների գրկախառնվում է տարեց գյուղացիների հետ, նույնիսկ երգում նրանց հետ:

Այս սենսացիոն իրադարձությունների ֆոնին շատերն են հարցնում՝ ինչո՞ւ է Ադրբեջանի նախագահը, ով իշխանության ղեկը ժառանգել է հորից, հայտնի է տասնյակ աղմկահարույց կոռուպցիոն սկանդալներով, ում անունը կապում են միլիարդավոր դոլարների լվացման, արտասահմանյան քաղաքական գործիչներին կաշառելու, ընդդիմախոսներին բանտարկելու, մարդու իրավունքների ոտնահարումների հետ, որոշել աչքի ընկնել նման աննախադեպ մարդասիրական քայլերով և գթասրտությամբ:

Ինչպես փաստում է BBC-ի ռուսական ծառայության կայքում հրապարակված հոդվածի հեղինակը՝ «մի բան հստակ է՝ Ադրբեջանը մտել է հետնավթային ժամանակաշրջան»:

«Երկրում վերջին շրջանում հաճախակի են դարձել բողոքի ակցիաները, ընդ որում՝ տարբեր սոցիալական խմբերի մասնակցությամբ: Պակաս կարևոր չէ նաև Ադրբեջանի վրա տարածաշրջանային ճնշումը․ Հայաստանում թավշյա հեղափոխությունը և իշխանափոխությունը Բաքվին անակնկալի է բերել», - գրում է ադրբեջանցի լրագրող Լեյլա Ալիևան:

Ադրբեջանցի նախկին քաղբանտարկյալ, քաղաքական վտարանդի Արիֆ Յունուսի կարծիքով, Ալիևը փոփոխություններ է նախաձեռնել արտասահմանյան ճնշման արդյունքում։

«Բռնակալը այդ քայլին է գնացել, քանի որ իրականում իր գլխին ամպեր են կուտակվել», - «Ֆեյսբուք»-ում գրել է Արիֆ Յունուսը՝ մատնանշելով նախ վերջերս հրապարակված ԱՄՆ պետքարտուղարության զեկույցը, որում կոշտ գնահատականներ են հնչում Բաքվի հասցեին, Եվրախորհրդարանի բանաձևը, որը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել մարդու իրավունքները խախտող իշխանությունների դեմ, և ապրիլի 9-ին սպասվող ԵԽԽՎ-ի զեկույցը՝ Ադրբեջանում քաղբանտարկյալների հարցով:

ReAl ընդդիմադիր կուսակցության ներկայացուցիչ Իրքին Գեդիրլիի խոսքերով՝ բարեփոխումների իմիտացիան առաջին հերթին արտասահմանյան ներդրողներ գրավելու համար է արվում: Meydan TV-ի հետ զրույցում ընդդիմադիր գործիչը նաև կարծիք է հայտնել, թե արմատական փոփոխությունների անիմաստ է սպասել, քանի դեռ տնտեսությունը ազատականացված չէ:

Քաղաքագետ Հիքմեթ Հաջիզադեն էլ նկատում է, որ Ադրբեջանի իշխանությունների կողմից որոշակի մեղմացման քայլեր արվում են, սակայն փոփոխությունները ինստիտուցիոնալ բնույթ չեն կրում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG