Մատչելիության հղումներ

«Բարձր ենք գնահատում Գերմանիայի աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում». ԱԺ նախագահ


«1989 թվականի նոյեմբերի 9-ին Արևելյան Գերմանիայում միասնության գաղափարի շուրջ միավորված Գերմանիայի ժողովրդին հաջողվեց փլուզել այն, ինչը հանգեցրեց Գերմանիայի վերամիավորմանը 1990 թվականի հոկտեմբերի 3-ին և նոր էջ բացեց համաշխարհային պատմության մեջ: Աշխարհն ուրախ է կրկին միասնական և դինամիկ Գերմանիա տեսնելու», - այսօր ասել է պաշտոնական այցով Գերմանիայում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ հանդես գալով Բեռլինի խորհրդարանում։

Ըստ Ազգային ժողովի հաղորդագրության, Միրզոյանը նշել է՝ «Բեռլինյան պատի» թանգարանի մի նկարում պատին հենված կին է պատկերված և նշված են նրա խոսքերը. «Այն ճնշումը, որ ես 1987 թվականին ձեռքիս ափով գործադրեցի պատի վրա՝ իր արդյունքը տվեց երկու տարի անց»:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների՝ տարիներ շարունակ ծավալած պայքարը՝ հանուն մեր երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության, հանգեցրին 2018 թվականի ապրիլ-մայիս ամիսներին թավշյա, ոչ բռնի հեղափոխության, որն ընթացավ ամբողջապես սահմանադրական ճանապարհով: Այժմ մենք պետք է ամրապնդենք զարգացման ժողովրդավարական մոդելը և զարգացնենք դրա արդյունավետությունը: Այս առումով կարևոր ենք համարում ԵՄ-ի հետ մեր հարաբերությունների խորացումը», - ասել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը՝ նշելով, որ վճռական են եվրոպացի գործընկերների հետ միասին ընդլայնելու և խորացնելու ինստիտուցիոնալ բարեփոխումների գործընթացը:

«Մենք բարձր ենք գնահատում նաև Գերմանիայի կողմից վարվող հավասարակշռված քաղաքականությունը Հարավային Կովկասում և աջակցությունը Հայաստանին տարբեր ոլորտներում: Մեր երկու երկրների միջև հաստատված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, միջխորհրդարանական համագործակցությունը, երկկողմ և բազմակողմ ձևաչափերով ընդլայնվող փոխգործակցությունը, տնտեսական ու մշակութային կապերի ակտիվացումը համագործակցության հետագա խորացման խոսուն վկայությունն են», - ասել է ԱԺ նախագահը:

Ըստ Միրզոյանի, հայ-գերմանական հարաբերությունների խորացման համատեքստում առանձնահատուկ դեր կարող են ստանձնել երկու երկրների մայրաքաղաքները:

«Հուսով եմ, որ Բեռլինը և մեր 2800-ամյա մայրաքաղաք Երևանը կկարողանան համատեղ համագործակցության ծրագրեր մշակել՝ միմյանցից սովորելու և փորձի փոխանակման համար: Երևանի նորընտիր իշխանությունների համար, վստահաբար, օգտակար կլինի Բեռլինի փորձը քաղաքային կառավարման և քաղաքային տնտեսության կայուն զարգացման համատեքստում, - ասել է Միրզոյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG