Մատչելիության հղումներ

Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել՝ ծառայությունից խուսափելու նպատակով անդամախեղում կատարելու համար. ՔԿ


Քննչական կոմիտեի շենքը Երևանում

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2018-ի սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21:55-ին, կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժին Հայաստանի պաշտպանության նախարարության N զորամասից հեռախոսագիր է ստացվել առ այն, որ նույն օրը` ժամը 21:00-ի սահմաններում, զորամասի պաշտպանական շրջանում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի հետ տեղի ունեցած փոխհրաձգության հետևանքով որպես դիտորդ ծառայության նշանակված ոստիկանության զորքերի N զորամասի դասակի հրաձիգ-դիպուկահարը ձախ ուսի շրջանում ստացել է հրազենային վնասվածք:

Ըստ կոմիտեի, դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 13-րդ [Սպանության փորձը`ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով] կետով, և ձեռնարկվել նախաքննություն:

«Քրեական գործով Ոստիկանության զորքերի ծառայողը ճանաչվել է տուժող և ցուցմունք տվել, որ 02.09.2018թ., ըստ գրաֆիկի, ժամը 19:00-ից մինչև ժամը 21:00-ն առաջնագծում որպես դիտորդ ծառայություն իրականացնելիս, ժամը 20:30-ի սահմաններում, հակառակորդի զինծառայողը ներթափանցել է առաջնագծի խրամատ, և վերջինիս հետ փոխհրաձգության ժամանակ զգացել է, որ ձախ ուսի հատվածում հրազենային վիրավորում է ստացել: Մարտական հերթապահության ժամանակ կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները գերազանց կատարելու համար, ոստիկանության պետի հրամանի համաձայն, ոստիկանության պետի կողմից Ոստիկանության զորքերի ծառայողը պարգևատրվել է «Ոստիկանության զորքերում գերազանց ծառայության համար» 1-ին աստիճանի կրծքանշանով: Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների արդյունքում բացահայտվել է, որ ծառայողը ձախ ուսի շրջանում հրազենային վնասվածքը հասցրել է ինքն իրեն, իրեն կցված դիպուկահար հրացանով՝ կատարելով անդամախեղում, ինչը հանգեցրել է վերջինիս կողմից զինվորական ծառայության պարտականությունները ժամանակավորապես դադարեցնելուն», - ասված է հաղորդագրությունում:

Այնուհետև, ըստ կոմիտեի, հանցագործության դեպքի մասին գիտակցաբար տրամադրելով կեղծ տեղեկատվություն՝ ուղղակի դիտավորությամբ կատարել է սուտ մատնություն, որը զուգորդվել է առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով, ինչից հետո մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելու նպատակով իրեն կցված դիպուկահար հրացանից 12 կրակոց է արձակել հակառակորդի ուղղությամբ՝ վատնելով իրեն տրամադրված ռազմամթերք հանդիսացող թվով 12 փամփուշտ:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ Ոստիկանության զորքերի ծառայողին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 363-րդ հոդվածի 1-ին [Զինծառայողի կողմից իր առողջությանը վնաս պատճառելը (անդամախեղելը), որը հանգեցրել է կամ կարող էր հանգեցնել զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելուն] մասով, 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ [Սուտ մատնությունը, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով] կետերով և 371-րդ հոդվածի 2-րդ [Զենքը կամ ռազմամթերքը յուրացնելը կամ վատնելը] մասով: Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG