Մատչելիության հղումներ

«Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է դնում խնդիրը». Մանվել Սարգսյանը՝ ԼՂ հարցի շուրջ Արցախում հնչած հայտարարությունների մասին


Ըստ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանի, Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է դնում խնդիրը, որ Լեռնային Ղարաբաղը պետք է վերադառնա բանակցությունների սեղան։

«Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ Սարգսյանն ասաց՝ Անվտանգության խորհրդի բանաձևում անգամ Հայաստանի դերը հստակ գրված է՝ «ազդեցություն ունենալ տեղական ուժերի վրա»։ Հետևաբար, ըստ Մանվել Սարգսյանի, Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որևէ խնդիր Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվում և Հայաստանի Հանրապետությունը երբևէ չպետք է քննարկեր, օրինակ, հողերի հանձնման հարցը։

«Ստեփանակերտյան հանդիպումը, փաստորեն, բովանդակություն տվեց՝ միասնական, պաշտոնական։ Կարևոր էր դա հստակ, որ այնտեղ ասվեր, և այն, որ ասել են՝ «կարմիր գիծ ենք քաշել նախկին իշխանությունների քաղաքական կուրսից», սա էլ ինչ-որ խորհրդանիշ է, որ նորից սկսվում է մի բան։ Հիմա էությունն է կարևոր էս ամեն ինչի, հասկանում եք, իզուր չի, որ Բաքվից ամեն կերպ՝ թե՛ իրենք են զարմանք ցույց տալիս՝ ի՞նչ է նշանակում՝ Արցախը պետք է մասնակցի, թե՛ ուրախանում են, որ Մինսկի խումբն էլ է ասում, այսօր Մեթյու Բրայզայի՝ նախկին դեսպանի ելույթը կարդացի, որ դա արդար չէ։ Բոլորը խառնվել են իրար։ Հայաստանի Հանրապետությունը ճիշտ է դնում խնդիրը։ Ռուսն ասում է՝ «ձեր կնիժկեքը հավաքեք, եկեք ստեղ, տեսնենք էդ ինչո՞վ եք զբաղված էլի՝ Մինսկի խումբ, դու ինչո՞վ ես զբաղված, Ադրբեջան, դու ինչո՞վ ես զբաղված», էական հարց է՝ պարզաբանում մտցնել։ Անգամ Ադրբեջանը, երբ որ հիշատակում է չորս բանաձևն Անվտանգության խորհրդի, էդ բանաձևում անգամ Հայաստանի դերը պարզ, հստակ գրված է՝ «ազդեցություն ունենալ տեղական ուժերի վրա»։ Ես հսկա ռեսուրսները մեր ձեռքին, եկել են, թե՝ «հողերը մեզ տվեք»։ Հողերն ո՞ւմն են, Հայաստանի սահմանադրական տարածքից դուրս որևէ խնդիր Հայաստանի Հանրապետությանը չի վերաբերվում։ Հայաստանի Հանրապետությունը երբևէ չպիտի քննարկեր էդ հարցը, ուզում եք քննարկել, գնացեք Արցախի հետ խոսեք, Արցախն էլ շատ ասելու բան ունի», - ասաց Սարգսյանը։

Դիտարկմանը, թե կողմերը հիմա պատրաստվում են նոր գագաթնաժողովի, հայտնի չէ դեռ, թե որտեղ կլինի, Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավարն այսպես արձագանքեց. - «Կարող է Ալիևը փոշմանի»։

Հարցին, թե կարծում է, որ հնարավո՞ր է այդպիսի բան, Սարգսյանը պատասխանեց. - «Խոսելու բան չունի, հիմա Ալիևին հարց է տրվելու, չէ՞՝ պարզ ու հստակ, «ինչո՞ւ Դու չես խոսում էս մարդկանց հետ», ինքն էս հարցի պատասխանը չունի, ինքը ոչ մի պատասխան չունի»։

Մարտի 11-ին Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Անվտանգության խորհուրդները համատեղ նիստ անցկացրեցին Արցախում։ Նիստի ժամանակ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց տեսակետը, որ Ղարաբաղը պետք է ներգրավվի բանակցային գործընթացում: Փաշինյանի այս հայտարարությունը հնչեց Ալիևի հետ հանդիպումից առաջ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այն հորդորից հետո, թե անհրաժեշտ է զերծ մնալ հայտարարություններից ու գործողություններից, որոնք առանց մյուս կողմի համաձայնեցման պահանջում են ձևաչափի միակողմանի փոփոխություն:

Օրերս ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակը Երևանում Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ որևէ փոփոխություն ղարաբաղյան հարցի կարգավորման բանակցությունների ձևաչափում պետք է ընդունելի լինի բոլոր կողմերի համար:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG