Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը այսօր այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ խորհրդարանի խոսնակը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի և տնօրինության ուղեկցությամբ ճանաչողական շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, որը հագեցած է գերժամանակակից մասնագիտական սարքավորումներով և տարածաշրջանում միակն է իր հնարավորություններով:
Շրջայց կատարելով կենտրոնի Արմաթ ինժեներական լաբորատորիայում, պարաֆինո, կինեզո, էլեկտրո թերապիաների սենյակներում, որտեղ ժամանակակից սարքավորումների օգնությամբ վերականգնողական բուժում են ստանում վիրավորում ստացած զինվորներն ու զինվորականները, Միրզոյանը ծանոթացել է կենտրոնի ընթացիկ գործունեությանը և հետագա ծրագրերին:
Նշելով, որ չափազանց տպավորված է, ԱԺ խոսնակն ասել է. - «Կենտրոնի սարքավորումներով հագեցվածությունը նույնիսկ ամենաբծախնդիր քննադատներին կարող է բավարարել»: Նրա խոսքով՝ նմանօրինակ հաստատությունը պատիվ կարող է բերել ցանկացած, հատկապես Հայաստանի նման յուրօրինակ անվտանգային համակարգ ունեցող երկրի: ԱԺ նախագահի գնահատմամբ` կենտրոնի ստեղծման ծրագրի իրականացումը պահանջված և հաջողված է:
Արարատ Միրզոյանը թեյի սեղանի շուրջ զրուցել է կենտրոնում վերականգնողական բուժում ստացող զինվորների հետ և պատրաստակամություն հայտնել քննարկել այն օրենսդրական բացերը, որոնք մատնանշվել են շրջայցի ընթացքում: