Մատչելիության հղումներ

Օրենքի տառին համապատասխան եկել ենք, ներխուժել այստեղ, կատարում ենք մեր գործը. Կենտրոն համայնքի ղեկավար


Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյան, 15-ը մարտի 2019թ.
Կենտրոն համայնքի ղեկավար Վիկտոր Մնացականյան, 15-ը մարտի 2019թ.

Օպերայի հարակից տարածքում այսօր վաղ առավոտից շարունակվում էին սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Ի տարբերություն նախորդող երկու օրերի՝ այսօր սրճարանների աշխատակիցները ցույցեր չէին կազմակերպել։

Սրճարաններից մեկի սեփականատերը՝ Էլիզաբետա Ղազարյանը, շարունակում է ապօրինի համարել ապամոնտաժումը, ավելին՝ պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքապետարանի դեմ՝ սրճարանի գույքը վնասելու համար։

«Մենք ընդամենը, ի սկզբանե, իրանցից խնդրել ենք ժամկետ։ Ասել ենք՝ «թողեք էս սեզոն մենք աշխատենք, հոկտեմբեր ամսից ապամոնտաժենք, կանաչապատենք ու հանձնենք հանրությանը»։ Ինչը, որ հիմա արվում է, սա վանդալիզմ է», - նշեց Ղազարյանը։

Մինչդեռ Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը «Ազատությանն» ասաց՝ այդ տարածքը, ինչպես նաև գույքը պատկանում է համայնքին։

Այսօր տարածքում էր նաև Երևանի քաղաքապետարանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը։ Նա լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ տնտեսվարողներն այստեղ գործունեություն են ծավալել ոչ թե իրավական հիմքի վրա, այլ՝ հիմնականում բանավոր պայմանավորվածությունների։

«Էս պահին տեղի ունեցող գործընթացը էստեղ և ընդհանրապես քաղաքում տեղի է ունենում բացառապես իրավական ամուր հիմքերի վրա, իսկ իրավական ամուր հիմքը ոչ միայն քաղաքին է ձեռնտու՝ քաղաքին որպես համայնք, այլ նաև մասնավոր հատվածին է ձեռնտու, որովհետև իրավական հիմքը հենց այն երաշխիքն է, հենց այն զրահն է, որով ինքը պաշտպանում է իր բիզնեսն՝ անկախ քաղաքական փոփոխություններից և անկախ վարչակազմի փոփոխությունից», - ընդգծեց Կարապետյանը։

Ընդդիմադիրների այն պնդումներին, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները, և՛ քաղաքապետը, և՛ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը արձագանքել են՝ նախնական ծրագրով միայն սրճարանների առաջնագծի հատվածն է ապամոնտաժվելու և կանաչապատվելու, իսկ հետագայում գործընթացը շարունակական է լինելու։

Այս պահին ապամոնտաժվում է երկու սրճարան, երրորդը ինքնակամ է իր գույքը ապամոնտաժել:

Քաղաքապետարանը պնդում է՝ տնտեսվարողներին նախապես ուղարկվել են ծանուցումներ, որպեսզի ողջամիտ ժամկետում իրենք անձամբ ապամոնտաժեն սրճարանները, ինչը չի արվել։

Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում ընդգծեց. «Օրենքի տառին համապատասխան եկել ենք, ներխուժել ենք այստեղ, կատարում ենք մեր գործը»։

«Ազատության» հարցին՝ «պարոն Մնացականյան, այսօր երեկվա նման ընդվզում չտեսանք սրճարանների աշխատակիցների կողմից, ինչո՞վ եք պայմանավորում, որ այսօր հանդարտ է», Մնացականյանը պատասխանեց. «Մենք դեռ սպասում էինք, որ երեկ չպետք է լիներ այդ ընդվզումը, բայց հասկանում եմ, որ վերջապես քաղաքացիները.... նախ ընդվզողները շատ քիչ էին, մնացածները, ենթադրում եմ, ինչ-որ տեղերից երևի բերել էին կամ ինչ-ինչ նպատակներով ուզում էին ապակայունացնեին իրավիճակը, բայց դուք տեսաք՝ մեր քաղաքացիները, ամենակարևորը, որ եկան մեր կողքը կանգնեցին, ոստիկանների և մեր քաղաքապետարանի ուժերով մենք կարողացանք հասնել այս արդյունքին»։

Երևանի քաղաքապետարանի հրամանով արդեն երրորդ օրն է ընթանում են Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները։ Սա հարուցել էր սրճարանների աշխատակիցների բողոքը, երեկ նրանք անգամ որոշ ժամանակով փակել էին Մաշտոց-Թումանյան խաչմերուկը և բացեցին միայն այն բանից հետո, երբ իրավապահները միջամտեցին և բերման ենթարկեցին շուրջ երկու տասնյակ քաղաքացու: Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ցուցարարներից մեկի դեմ բռնություն գործադրած ոստիկանության ծառայողի լիազորությունները դադարեցվել են:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG