Մատչելիության հղումներ

Օպերայի հարակից տարածքում սրճարանների ապամոնտաժումը վաղը կշարունակվի


Ոստիկանները ցուցարարներին հեռացնում են Թումանյան-Մաշտոց խաչմերուկից, Երևան, 14-ը մարտի, 2019թ․

Երևանի Ազատության հրապարակում սրճարանների ապամոնտաժման աշխատանքները ժամը 19-ի դրությամբ դադարեցված էին՝ դրանք կշարունակվեն ուրբաթ օրը:

Այսօր, փաստորեն, ապամոնտաժվեցին երկու սրճարաններ, դրանցից մեկը՝ մասամբ: Երրորդ սրճարանի սեփականատերերն իրենք են «տարածքից դուրս եկել»:

Մինչ ապամոնտաժման աշխատանքներ էին իրականացվում, սրճարանների աշխատակիցների և ոստիկանների միջև բախում սկսվեց, կան բերման ենթարկվածներ:

Այսօր վաղ առավոտից էին դեռևս սկսվել ապամոնտաժման աշխատանքները, դրանց զուգահեռ՝ սրճարանների աշխատակիցները փակել էին Թումանյան-Մաշտոց խաչմերուկը, ինչպես նաև Հյուսիսային պողոտա տանող ճանապարհը: Աշխատակիցները պնդում են՝ ցանկանում են աշխատել այնտեղ, որտեղ ի սկզբանե աշխատել են: Փողոցները բացվեցին միայն ոստիկանական ուժերի միջամտությամբ: Ապամոնտաժման աշխատանքները օրվա ընթացքում մի քանի անգամ դադարեցվել էին, սակայն դրանք ի վերջո վերսկսվեցին:

Այստեղ էին ժամանել Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանը, Արման Աբովյանը՝ կոչ անելով բռնությամբ խնդիրը չկարգավորել: Զոհրաբյանը բողոքի ակցիայի ընթացքում քաշքշուկի հետևանքով վնասվածք ստացավ:

Ոստիկանությունից «Ազատությանը» հայտնեցին, որ ցույցի 19 մասնակից էր բերման ենթարկվել, նրանցից 17-ի նկատմամբ վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն է կազմվել, երկուսի դեպքում նյութեր են նախապատրաստվում: Երեկոյան 19-ն էլ արդեն ազատ էին արձակվել, սակայն բերման է ենթարկվել ևս երեք հոգի:

Այսօր նաև հայտարարությամբ է հանդես եկել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: «Սիրելի երևանցիներ, այսօր մենք ի կատար ենք ածում երկար տարիների մեր երազանքը՝ ազատագրում ենք Օպերայի շրջակայքը և հետ բերում մշակութային օջախի մթնոլորտը: Սա պրոցեսի սկիզբն է, այն լինելու է շարունակական: Շնորհակալ եմ բոլոր երևանցիներին այս հարցում մեր կողքին լինելու համար, մենք զգում ենք ձեր աջակցությունը: Վերադարձնենք Երևանին իր մշակութային դիմագիծը», - հայտարարել է Մարությանը:

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը մտահոգիչ է համարում, որ քաղաքային իշխանությունը ցանկանում է ապամոնտաժել միայն մի քանի սրճարան, մինչդեռ Օպերայի տարածքում գործող այլ սրճարաններ քանդման ենթակա չեն: «Լույս» խմբակցության ղեկավարն «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ տեղեկություններ կան, որ չեն ապամոնտաժվում որոշ ազդեցիկ մարդկանց պատկանող սրճարանները, որոնք սեզոնին կարող են գերշահույթներ ստանալ մյուս սրճարանների ապամոնտաժման հաշվին: Ի դեպ, ըստ Խաժակյանի, տեղեկություններ կան, որ այդ սրճարաններից մեկը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին:

«Ազատություն»-ը հարց ուղղեց Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին, թե ինչո՞ւ չեն ապամոնտաժվում բոլոր սրճարանները: Նա պատասխանեց, թե այս պահին նպատակահարմար չեն գտել, իսկ հետագայի համար դեռ քննարկվելու է չապամոնտաժված սրճարանների հարցը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG