Միջխորհրդարանական հարթակներում հայ-վրացական փոխգործակցության կարևորության մասին է խոսել Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը՝ այսօր ընդունելով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:
ԱԺ նախագահը նշել է, որ երկկողմ ընդունելի հարցերում պատվիրակությունները մշտապես աջակցում են միմյանց: Այս համատեքստում, Միրզոյանի գնահատմամբ, տարբեր դիրքորոշումներ ունեցող հարցերում պատվիրակությունները պետք է առաջնորդվեն միմյանց առնվազն չվնասելու սկզբունքով:
ԱԺ նախագահն անդրադարձ է կատարել տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանի իշխանությունները կողմ են խնդրի խաղաղ բանակցային կարգավորմանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում, հավելելով, որ Վրաստանը՝ որպես ԵԱՀԿ մասնակից պետություն, միացել է Մինսկի խմբի ձևաչափում կարգավորմանը: «Ուստի, մենք պետք է ջանքեր գործադրենք, որպեսզի հավասարակշիռ ու չեզոք ձևակերպումներն այսուհետ ևս ուղենիշ լինեն Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բոլոր հայտարարություններում», - շեշտել է Արարատ Միրզոյանը: Այս համատեքստում նա իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտաքին գործերի նախարարների՝ 2018 թվականի հոկտեմբերի 29-ի համատեղ հայտարարության վերաբերյալ, որտեղ նշվում էր հակամարտության կարգավորման սկզբունքներից միայն մեկը: ԱԺ նախագահի խոսքով՝ հայ հասարակության շրջանում մտահոգություն են առաջացրել նաև Վրաստանի նախագահի՝ վերջերս Բաքու կատարած այցի ընթացքում հնչած որոշ ձևակերպումներ: Այս առումով խորհրդարանի ղեկավարն անընդունելի է համարել տարբեր հակամարտությունների համար ընդհանրացված մոտեցումները:
Միրզոյանը կարևորել է մի շարք ոլորտներում փոխգործակցության առավել ակտիվացումն ու համատեղ ծրագրերի իրականացումը, անդրադարձել հայ համայնքի գործունեությանը՝ ընդգծելով, որ հայերը դարեր շարունակ իրենց նշանակալի ներդրումն են ունեցել Վրաստանի տնտեսական, քաղաքական, մշակութային կյանքում և կարող են լինել հուսալի կամուրջ երկու երկրների հարաբերությունների առավել ամրապնդման հարցում:
«Կարևոր է, որ մեր կայուն հարաբերությունները շարունակում են զարգանալ՝ անկախ քաղաքական ուժերի փոփոխությունից: Մենք՝ որպես հարևան պետություններ, պետք է ունենանք սերտ հարաբերություններ: Այդ կապերը պետք է առավել խորանան և ընդլայնվեն», - ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ասել է Սալոմե Զուրաբիշվիլին:
Անդրադառնալով Միրզոյանի մտահոգություններին՝ Զուրաբիշվիլին ներկայացրել է իր դիրքորոշումը՝ նույնպես կարևորելով տարածաշրջանի հակամարտությունների բացառապես խաղաղ և միջազգային իրավունքի նորմերին համապատասխան կարգավորումը: Նրա խոսքով` տարածաշրջանի հակամարտությունները խոչընդոտում են համատեղ առաջընթացին:
Արարատ Միրզոյանը նշել է, որ առաջիկայում պատրաստ է սիրով ընդունելու իր վրացի գործընկերոջը՝ Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեին:
Հանդիպման ավարտին Վրաստանի նախագահը գրառում է կատարել ՀՀ Ազգային ժողովի պատվավոր հյուրերի մատյանում: