Մատչելիության հղումներ

Փաշինյան․ Կառավարության նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն


Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի
Լուսանկարը՝ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում է Հայաստանի կառավարության առաջնահերթություններից մեկը, և գործադիրի նպատակն է ապագայում ունենալ տեխնոլոգիական տնտեսություն: Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ այսօր ընդունելով «Ինդեքս Վենչուրս» (Index Ventures) վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներին՝ հիմնադիր Նինա Աչաջյանին, Մայք Վոլպիին և Դոմինիկ Վիդալին, ովքեր մինչ նշված հիմնադրամում ներգրավվելը գործունեություն են ծավալել Cisco, Amazon, Yahoo և այլ հայտնի ընկերություններում:

Հյուրերը վարչապետին են ներկայացրել «Ինդեքս Վենչուրս»-ի գործունեությունն ու Հայաստանի ստարտափերում ներդրումային նախագծեր իրականացնելու ուղղությամբ իրենց ծրագրերը: Մասնավորապես, նրանք նշել են, որ բարձր են գնահատում Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում տեղի ունեցող դրական զարգացումներն ու շահագրգռված են համագործակցության զարգացմամբ և ընդլայնմամբ: Բացի տեխնոլոգիական և ինժեներական տարբեր ծրագրերի իրականացումից՝ «Ինդեքս Վենչուրս»-ի թիմը պատրաստվում է հայկական նորաստեղծ ընկերություններին ներկայացնել Սիլիկոնյան հովտում ներդրումներ ստանալու տարբերակները, տեխնոլոգիական ոլորտի միտումները:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կառավարությունը շահագրգռված է համագործակցել «Ինդեքս Վենչուրս»-ի հետ և քննարկել ներդրումային ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված առաջարկները: Վարչապետը նշել է, որ կառավարությունը հետևողական քայլեր է իրականացնում նաև բիզնես միջավայրի շարունակական բարելավման ուղղությամբ:

Հանդիպմանը մասնակցել է նաև տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG