Մատչելիության հղումներ

ՔԿ նախագահի տեղակալը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողների հետ


Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց, մայիս, 2018թ․

Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, զինվորական քննչական գլխավոր վարչության պետ Արտակ Կրկյաշարյանը հանդիպել է խաղաղ պայմաններում զոհված այն զինծառայողների ծնողների հետ, որոնց մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերն ուսումնասիրվելու են հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում ընդգրկված հասարակական կազմակերպությունների կողմից:

ՔԿ նախագահի տեղակալը զոհված զինծառայողների ծնողներին է ներկայացրել խմբի գործունեության կարգն ու նպատակը: Արտակ Կրկյաշարյանը հանդիպման ընթացքում պատասխանել է ծնողներին հետաքրքրող բոլոր հարցերին, ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Քննչական կոմիտեի կողմից հասարակական կազմակերպություններին արդեն տրամադրվել են կոնկրետ քրեական գործերով տեղեկանքներ՝ դրանք ուսումնասիրելու նպատակով: Տրված գործերի նյութերի ուսումնասիրելուց հետո խումբն անցնելու է այլ զինծառայողների մահվան դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությանը: Հասարակական կազմակերպություններն իրենք են ընտրում իրենց կողմից ուսումնասիրվող գործերը, իսկ Քննչական կոմիտեն նրանց է տրամադրում պահանջվող բոլոր նյութերը, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, Քննչական կոմիտեի և տասը հասարակական կազմակերպությունների միջև ստորագրվել է համաձայնագիր՝ զինվորական ծառայության ընթացքում մահվան դեպքերի առթիվ հարուցված առանձին քրեական գործերով նախաքննության ընթացքում հնարավոր բացթողումներն ի հայտ բերելու և վիճարկվող հանգամանքների վերաբերյալ հանրային հետաքրքրությունը փարատելու, ինչպես նաև՝ այդ հանգամանքների տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու նպատակով հասարակական մոնիթորինգի աշխատանքային խումբ ստեղծելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG