Մատչելիության հղումներ

Ճանապարհային ոստիկանության և ՊՊԾ հիմքով կստեղծվի նոր՝ Պարեկային ոստիկանություն


ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ ոստիկանության շենքը Երևանում, արխիվ

Նպատակը ոստիկանական համակարգում օպտիմալացում և արդյունավետ կառավարում իրականացնելն է:

Ոստիկանությունում կառուցվածքային փոփոխություններ են սպասվում։ Ճանապարհային ոստիկանության և Պարեկապահակային ծառայության հիմքով կստեղծվի նոր՝ Պարեկային ոստիկանություն։

Նախաձեռնությունը Ոստիկանությանն է, և ինչպես «Ազատությանը» տեղեկացրեց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը, նպատակը ոստիկանական համակարգում օպտիմալացում և արդյունավետ կառավարում իրականացնելն է: Հրապարակման ենթակա հաշվարկներ՝ կադրային և ֆինանսական փոփոխությունների մասին, դեռ չկան։

«Դեռևս քննարկվում է մոդելը իր տարբերակով, և որևէ տարբերակի ընտրության պարագայում կամ ներկայացվող մոդելի հաստատման պարագայում արդեն հետագայում կկատարվեն համապատասխան հաշվարկներ և նախագծերը ներկայացվելիս կկցվեն նաև էդ հաշվարկները, այդ ժամանակ պարզ կլինի, թե օպտիմալացումները որ ուղղությամբ են։ Դեռևս վաղ է խոսել քանակական կամ թվային ցուցանիշներ ներկայացնելու մասին։ Էս պահին հրապարակման համար վերջնական հաշվարկներ դեռևս չկան», - նշեց Չիլինգարյանը։

Պարեկային ոստիկանությունը հաշվետու է լինելու Ոստիկանության կենտրոնական ապարատին։ Նոր ծառայությունը «տաք հետքերով» հետապնդելու է հանցագործություններ կատարած անձանց, պահպանելու է դեպքի վայրը, մասնակցելու է անհետաձգելի քննչական գործողությունների:

Նախնական հաշվարկներով, Երևան քաղաքում կպահանջվի 250 միավոր հատուկ կահավորված տրանսպորտային միջոց՝ 3 հերթափոխով, յուրաքանչյուրը բաղկացած 2 ծառայողից, մարզերում կպահանջվի 430 միավոր հատուկ կահավորված տրանսպորտային միջոց՝ 3 հերթափոխով: Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու գործընթացին:

«Կկատարվեն նաև իրավական ակտերում փոփոխություններ։ Միգուցե կարիք չլինի օրենսդրական, իրավական ակտերի [փոփոխության], այլ կլինեն ենթաօրենսդրական իրավական ակտերում, բայց եթե կարիք լինի նաև օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարել․․․ սակայն եթե որոշում կայացվի, որ պետք է ստեղծվի Պարեկային ոստիկանություն, ապա կկատարվեն նաև անհրաժեշտ օրենսդրական փոփոխություններ», - ընդգծեց ՃՈ պետի տեղակալը։

Ոստիկանական համակարգում կառուցվածքային այլ փոփոխությունների մասին տեղեկություններ չկան։

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը այս փոփոխությունը տրամաբանական, բայց ոչ բավարար է համարում: Նշում է, որ համակարգում ավելի արմատական փոփոխությունների կարիք կա՝ կառույցը բերել խորհրդարանական վերահսկողության դաշտ:

«Արդյո՞ք սա է այն, ինչ որ անհրաժեշտ է իրավապահ մարմիններին բարեփոխումների տեսակետից: Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև հիմնարար խնդիրը կառավարման և իրավապահ համակարգի այն է, որը տարիներ շարունակ մենք ունեցել ենք, որ կենտրոնացված են մեկ իշխանության, մեկ մարմնի ձեռքին։ Արդյո՞ք դա էական փոփոխության է բերելու Ոստիկանության գործունեության բնագավառում, երբ որ երկու կառույց միավորում են իրար: Ոչ», - ասաց Սաքունցը։

Տարիներ շարունակ ընդդիմությունը և քաղհասարակությունը Հայաստանին «ոստիկանապետություն» պիտակ են տվել, ինչը պայմանավորված է եղել նաև Հայաստանում ոստիկանների մեծ քանակով:

Ստույգ թիվ Ոստիկանության ծառայողների այսօր էլ չի հրապարակվում: Իրավապաշտպան Արթուր Սաքունցը, մինչդեռ, անթույլատրելի է համարում այս տեղեկատվությունը գաղտնի պահելը: Իրավապաշտպանը նաև պնդում է՝ «ոստիկանապետություն» պիտակից ազատվելու համար դեռևս բավարար քայլեր չեն արվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG