Մատչելիության հղումներ

Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահը


ԵԱՀԿ գործաղ նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

Այսօր Երևան է ժամանում ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը, ինչպես հայտարարել էր` իր հետ Հայաստան է բերում ղարաբաղյան խնդրի կարգավորման մի շարք գաղափարներ:

ԵԱՀԿ նախագահությունը հունվարի 1-ից մեկամյա ժամկետով ստանձնած Սլովակիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը մինչ այդ հայտարարել էր, թե խնդրի կարգավորումը համարում է նախագահության առաջնահերթություններից մեկը:

Հարավկովկասյան այցի շրջանակում Լայչակի առաջին կանգառը Բաքուն էր: Ադրբեջանի մայրաքաղաքում նա մի շարք հանդիպումներ է ունեցել իշխանությունների ներկայացուցիչների հետ՝ նախագահ Իլհամ Ալիևի, արտգործնախարար Էլմար Մամեդյարովի: Չնայած ԵԱՀԿ գործունեության լայն շրջանակին՝ Ադրբեջանի ղեկավարները եվրոպացի պաշտոնյայի հետ հանդիպմանը խոսել են հիմնականում ղարաբաղյան խնդրից:

«Հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է», - հայտարարել էր Իլհամ Ալիևը և դժգոհել, թե Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու համար և ամեն կերպ փորձում է խոչընդոտել գործընթացին:

Էլմար Մամեդյարովն, իր հերթին, խնդրանքով է դիմել ԵԱՀԿ գործող նախագահին՝ «Երևանում հարցրեք՝ ժողովրդին խաղաղությա՞ն ենք նախապատրաստում, թե՞ այլ ճանապարհ ենք ընտրում»:

ԵԱՀԿ գործող նախագահը դրական է գնահատել թե՛ Ադրբեջանի նախագահի, թե՛ արտգործնախարարի հետ հանդիպումները, Բաքու կատարած այցն ամփոփելիս ասել է ՝ կշարունակեն հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրել:

Լայչակի պաշտոնավարման ժամանակ Սլովակիան աչքի է ընկել Ադրբեջանի հետ ռազմական համագործակցությամբ, ընդ որում՝ Եվրամիության անդամ այդ երկիրը չեխական արտադրության մահաբեր զենքը Բաքու է հասցրել Իսրայելի տարածքով, աղմկահարույց այս գործարքը պարզել էին տեղական լրատվամիջոցները:

ԵԱՀԿ գործող նախագահը Երևան է ժամանում Ադրբեջանում մեկնարկած լայնածավալ զորավարժությունների ֆոնին ՝ մինչև 10 հազար զինվորների, 500 հրասայլի, 300 միավոր հրթիռահրետանային համակարգերի, օդուժի և այլ ծանր զինատեսակների ներգրավմամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության, զինվորները հարձակողական ծրագիր են իրագործելու՝ փորձելով պայմանական հակառակորդին խոցել մի շարք ուղղություններով: Հաղորդվում է, որ զորավարժությունների ընթացքում կիրառվելու նաև վերջին տարիներին ձեռք բերված նոր զինատեսակները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG