Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ գործող նախագահը ղարաբաղյան կարգավորման համար «մի շարք գաղափարներ» կբերի Երևան


ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակ, արխիվ

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հաջորդ շաբաթ այցելելու է Երևան՝ ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար բերելով «մի շարք գաղափարներ»: Այդ մասին նա հայտարարել է այսօր Բաքվում կայացած ասուլիսի ժամանակ:

ԵԱՀԿ գործող նախագահը երեքշաբթի օրը այցելել է Բաքու, հանդիպել Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ:

Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը Լայչակն ասել է, որ ԵԱՀԿ-ն իր նախագահելու շրջանում առաջնահերթություն է համարում ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդությունը:

Ալիևը հայտարարել է, որ հակամարտության կարգավորման գործում ամենաշահագրգիռ կողմը Ադրբեջանն է, քանի որ, նրա խոսքով, «Ադրբեջանի տարածքներն օկուպացված են, և ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ փախստականներ և հարկադիր տեղահանվածներ են դարձել»:

Ադրբեջանի նախագահն ասել է, թե չնայած բանակցային գործընթացի դինամիկային, որն արտահայտվում է երկու երկրների արտգործնախարարների չորս և իր ու Հայաստանի վարչապետի երեք հանդիպումներով, պաշտոնական «Երևանը լուրջ ցանկություն չի ցուցաբերում առարկայական բանակցություններ վարելու համար և ամեն կերպ փորձում է խոչընդոտել ղարաբաղյան կարգավորումը»:

«Շատ կարևոր է, որ միջազգային հանրությունը լուրջ ճնշում գործադրի Երևանի վրա՝ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու և Ադրբեջանի օկուպացված տարածքներից Հայաստանի զինված ուժերը դուրս բերելու համար», - հայտարարել է Ալիևը:

Էլմար Մամեդյարովը Միրոսլավ Լայչակի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է, թե Բաքուն միշտ քայլեր է ձեռնարկում ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ, բայց հայկական կողմը «այնպիսի հայտարարություններով է հանդես գալիս, որոնք խաղաղ կարգավորման հավատ չեն թողնում»:

«Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները նպատակաուղղված չեն խաղաղությանը, օրինակ՝ Ազգային անվտանգության ծառայության ղեկավարի հայտարարությունը: Այդ հարցով այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբում Ռուսաստանի համանախագահ Իգոր Պոպովի հետ», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը Լեռնային Ղարաբաղում մասնավորապես ասել էր․ - «Ոչ մի թիզ հող հետ տալու նպատակ չունենք, այլ ընդհակառակը՝ մեր հողերում պետք է ապրեն մեր հայրենակիցները»:

Մամեդյարովը այսօրվա ասուլիսում Հայաստանի ղեկավարների վերջին հայտարարություների հետ կապված ասել է․ - «Ես խնդրել եմ պարոն Լայչակին այդ հարցերին անդրադառնալ Երևան կատարելիք այցի ժամանակ, որպեսզի մենք ևս իմանանք՝ մարդկանց խաղաղությա՞ն նախապատրաստել, թե՞ հակամարտության կարգավորման այլ ճանապարհի»:

ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվում կայացած բանակցությունները կառուցողական է գնահատել, ասել է, որ Ադրբեջանի նախագահի և արտգործնախարարի հետ քննարկել է հակամարտության կարգավորման ուղիները, ներկայացրել է իր դիրքորոշումը: Միրոսլավ Լայչակը նշել է, որ բանակցությունների համար ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդիսանում է միակ ձևաչափը, և այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ:

Լայչակը նշել է, որ եկող շաբաթ այցելելու է Երևան՝ շարունակելու քննարկումները:

«Կշարունակենք ուղիներ փնտրել հակամարտությունը լուծելու համար», - ասել է ԵԱՀԿ գործող նախագահը՝ հավելելով․ - «Մի շարք գաղափարներ կան, որոնք ես կտանեմ Երևան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG