Մատչելիության հղումներ

ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյա․ Ղարաբաղյան հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ


Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Երևանում պատասխանում է լրագրողների հարցերին:
Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Երևանում պատասխանում է լրագրողների հարցերին:

Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը Երևանում հրավիրված ասուլիսում այսօր հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չի կարող ունենալ:

Ապաթուրայը Հայաստանում է՝ մասնակցելու այստեղ անցկացվող ՆԱՏՕ-ի շաբաթվա միջոցառումներին:

Պատասխանելով Ադրբեջանում այսօր սկսված, հարձակողական ծրագիր ունեցող լայնամասշտաբ զորավարժությունների մասին հարցին՝ Ապաթուրայն ընդգծեց, որ ՆԱՏՕ-ն չի ներգրավվում ղարաբաղյան հակամարտության նման կոնֆլիկտներում, բայց և ավելացրեց. - «Իհարկե, խաղաղությունն ու անվտանգությունը այս տարածաշրջանում ուղղակիորեն հետաքրքրում է ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերներին և դաշնակիցներին։ Մեզ քաջալերում է այն հանգամանքը, որ նոր կառավարությունը նոր ջանքեր է ներդնում քաղաքական գործընթացում, ինչպես նաև քաջալերում է այն, որ շփման գծում փոխհրաձգությունները շոշափելիորեն նվազել են, ինչպես նաև այն մեխանիզմները, որոնք ներդրվել են ոչ միտումնավոր լարվածության աճը կանխելու նպատակով։ ՆԱՏՕ-ի աներկբա գնահատականն այն է, որ հակամարտությունը կարող է հանգուցալուծվել խաղաղ ճանապարհով: Այս հակամարտությունը հաջողությամբ պսակված ռազմական լուծում չի կարող ունենալ․ սա այն ուղերձն է, որ մենք փոխանցում ենք, և ես անձամբ եմ փոխանցել բոլոր կողմերին»:

Ջեյմս Ապաթուրայը անդադարձավ նաև Սիրիայում հայկական հումանիտար առաքելության մասին հարցին՝ նշելով, որ այսօր և՛ Հայաստանի արտգործնախարարի, և՛ Պաշտպանության նախարարի հետ զրույցներում այդ հարցին անդրադաձել են, ովքեր ներկայացրել են կառավարության տեսակետն այդ հարցի շուրջ․ - «Անշուշտ տեղյակ եք ԱՄՆ-ի ու մյուսների տեսակետին այդ հարցի շուրջ, բայց ուզում եմ ասել, որ երկու նախարարները շատ հստակ ներկայացրել են քաղաքական ու մարդասիրական նկատառումներով, որով Հայաստանի կառավարությունը ձեռք է մեկնում այն համայնքին, որը ստանում է աջակցությունը»:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով փոխտեղակալը նաև ընդգծեց, որ այսօր Երևանում ունեցած հանդիպումները վերահաստատել են իր համոզմունքը, որ Հայաստանը շարունակելու է կայուն համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ․ - «Ես իմ բոլոր զրուցակիցներին հավաստիացրեցի, որ ՆԱՏՕ-ն իր կողմից նույնպես մտադիր է շարունակել Հյաստանի հետ իր հարաբերությունները։ Ես նրանց շնորհակալություն հայտնեցի, բայց ցանկանում եմ նաև հայ ժողովրդին շնորհակալություն հայտնել այն օժանդակության համար, որ Հայաստանը ցուցաբերում է ՆԱՏՕ-ի առաջնորդած գործողություններում Աֆղանստանում և Կոսովոյում։ Նպաստը նշանակալի է և մեծապես գնահատված և ես գիտեմ, որ օրինակ Աֆղանստանում մեծ երախտագիտությամբ են ընդունում Հայաստանի մասնակցությունը»:

Ապաթուրայը հայտնեց, որ Հայաստանի կառավարության ներկայացուցիչների հետ քննարկել են նաև կոռուպցիայի դեմ պայքարի հարցեր։ Նրա խոսքով, Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը փոխանցել է ուղերձ, որ Կառավարությունը մտադիր է ակտիվ պայքար մղել կոռուպցիայի դեմ և ակնկալում է ՆԱՏՕ-ի աջակցությունն այդ հարցում։

«Մենք ի զորու ենք և կտրամադրենք այդ աջակցությունը։ Ցանկացած երկրում կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից պաշտպանական ոլորտը կարևոր է, քանի որ այդ ոլորտում մեծածավալ միջոցներ են շրջանառվում», - ասաց Ապաթուրայը։

Ըստ Ապաթուրայի, հաջորդ կարևոր քայլը, որին գնացել է Հայաստանի կառավարությունը, խաղաղության ու ավտանգության նախաձեռնությունում կանանց ներգրավելու գործողությունների պլանն է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG