Simons Muirhead & Burton բրիտանական իրավաբանական ընկերությունը, որը ներկայացնում է հայազգի գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի շահերը, մալթական The Shift News պարբերականից պահանջել է ջնջել «Տրոյկա Դիալոգ»-ում բացահայտված փողերի լվացման մասին հոդվածը։ Այդ մասին տեղեկացնում է պարբերականի կայքէջը:
Հոդվածը, ինչպես նշում է թերթը, Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի (OCCRP) բացահայտած տվյալների մասին է:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, գործարարի շահերը ներկայացնող փաստաբանները դիմել են The Shift News-ի խմբագրակազմին՝ պահանջելով ջնջել «Վարդանյանի հեղինակությանը վնասող հոդվածը», հակառակ դեպքում, ինչպես հավելում է թերթը, կդիմեն դատարան:
Խմբագրակազմն, ի պատասխան, հայտարարել է, որ մտադիր չէ ջնջել հրապարակված հոդվածը:
Հետաքննող լրագրողների միջազգային խումբը՝ վկայակոչելով լիտվական Ukio բանկից արտահոսած փաստաթղթերը, պարզել են, Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը 2006-2013 թվականներին մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար:
Հետաքննող լրագրողները պնդում են, որ բանկը հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը:
Վարդանյանը, ով, 2012 թվականին «Տրոյկա Դիալոգ»-ը վաճառել է ռուսաստանյան «Սբերբանկ»-ին, պնդել է, որ տեղյակ չի եղել իր գլխավորած կառույցում տարիներ շարունակված բազմամիլիարդ դոլարների ֆինանսական այդ մեքենայություններից: