Մատչելիության հղումներ

Վարդանյանը կտրականապես հերքում է իր առնչությունը հետաքննող լրագրողների բացահայտած սխեմային


Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, Երևան, 24-ը ապրիլի, 2018թ․
Ռուբեն Վարդանյանը ելույթ է ունենում «Ավրորա» մրցանակաբաշխության ժամանակ, Երևան, 24-ը ապրիլի, 2018թ․

Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Ռուբեն Վարդանյանի հիմնադրած «Տրոյկա Դիալոգ»-ը մասնակցել է կոռուպցիոն սխեմաներում, որոնց միջոցով լվացվել է շուրջ 9 միլիարդ դոլար: Այս մասին հայտնում է Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնը (OCCRP):

Երեկ երեկոյան հրապարակված ծավալուն հոդվածի հեղինակները պնդում են, որ ժամանակին ռուսաստանյան թերևս ամենախոշոր և բարի համբավ ունեցող ներդրումային այդ բանկը, լրագրողների բնորոշմամբ՝ «Տրոյկա լվացքատունը», տարիներ շարունակ հանցավոր կազմակերպությունների հետ կապ ունեցող, կոռումպացված անձանց հնարավորություն էր տալիս խուսափել հարկերից և թաքցնել ունեցվածքը, բանկում գործող սխեմաները թույլ են տվել ռուսաստանյան քաղաքական և գործարար շրջանակներին գաղտնի մասնաբաժին ձեռք բերել պետական ընկերություններում և անշարժ գույք՝ արտասահմանում: Այդ անձանց ցանկում լրագրողները գտել են Վլադիմիր Պուտինի հայտնի ընկերոջը՝ ջութակահար Սերգեյ Ռոլդուգինին, ով համարվում է ռուսաստանցի ամենահարուստ մարդկանցից և ում անունը կապվում է խոշոր կոռուպցիոն գործարքների հետ:

Հետաքննական կենտրոնը նշում է, որ սկանդալի կենտրոնում հայտնված «Տրոյկա Դիալոգ»-ը, որը կոչված էր սպասարկելու հիմնականում խոշոր բիզնեսին և ֆինանսական կորպորացիաներին, 2000-ականների կեսերին ստեղծել է ավելի քան 75 օֆշորային ընկերություններ, որոնք հաշիվներ են բացել, մասնավորապես, լիտվական Ukio բանկում, և այդ հաշիվների միջոցով կեղծ գործարքներ կնքել` այդպիսով օրինականացնելով միլիոնավոր դոլարներ:

Ukio-ի փաստաթղթերի արտահոսքի շնորհիվ լրագրողները պարզել են, որ կասկածելի գործարքներում օգտագործվում էին Ռուսաստան արտագնա աշխատանքի մեկնած և գործարքներից գաղափար չունեցող հայերը: Լրագրողները գտել են այդ մարդկանց՝ նրանք աղքատ են և անտեղյակ իրենց հաշիվներին փոխանցված տասնյակ միլիոնավոր դոլարներից:

Վանաձորի բնակիչ Արմեն Ուստյանը, օրինակ, ով ըստ այդ փաստաթղթերի մոտ 50 միլիոն դոլարի գործարք է իրականացրել, իրականում ավելի քան տասը տարի է ապրուստի գումար է վաստակում Ռուսաստանում արտագնա աշխատանքի շնորհիվ և ասում է՝ չգիտի, թե ինչպես են իր անձնագրի պատճենը և ստորագրությունը հայտնվել Ukio բանկում, որի մասին առաջին անգամ էր լսում։

Հետաքննող լրագրողների տվյալներով՝ Ռուբեն Վարդանյանի հետ կապ ունեցող ռուսաստանաբնակ հայ գործարարները կարող էին հավաքագրել Հայաստանից ժամանած իրենց աշխատակիցների տվյալները և փոխանցել «Տրոյկա»-ին, իսկ այդ անձանց հաշիվներին փոխանցված գումարներն ուղղվում էին արևմտյան երկրներում թանկարժեք գույք շքեղ զբոսանավեր, արվեստի նմուշներ գնելուն, հայտնի ռուսաստանցիների, հայազգի գործարարների զավակների՝ արևմտյան համալսարանների ուսման վարձերը վճարելուն, եկեղեցաշինության, բարեգործական ծրագրերի համար նվիրատվություններին:

«Տրոյկա Դիալոգ»-ի միջոցով Ռուսաստանից դուրս բերված գումարների մի մասի ճակատագիրը փորձում էր պարզել Սերգեյ Մագնիտսկին, ով 2009 թվականին սպանվեց մոսկովյան բանտում:

Դեռևս 1990-ականների սկզբներին մոսկովյան համալսարաններից մեկի շրջանավարտ հայաստանցի Ռուբեն Վարդանյանի հիմնադրած ներդրումային բանկի հետ է կապվում նաև ռուսաստանյան ամենախոշոր ֆինանսական խարդախություններից մեկը՝ Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանի վառելիքի պատմությունը, երբ արհեստականորեն ուռճացնելով ավիավառելիքի սակագինը՝ օդանավակայանը խուսափել էր տասնյակ միլիոնավոր դոլարների հարկերից, արդյունքում թանկացել էին նաև ավիատոմսերը, իսկ թաքցված հարկերը՝ մի քանի տասնյակ միլիոն դոլարի տեսքով, հոսել են դեպի «Տրոյկա լվացքատան» հաշիվներ։

Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի հետ զրույցում Ռուբեն Վարդանյանը նշել է, որ ինքը որևէ կերպ չի առնչվել այդ սխեմային և տեղյակ չի եղել այդ մասին։ Մինչդեռ 2010 թվականին՝ խարդախության բացահայտումից երկու տարի անց, նույն «Տրոյկա»-ն, որը դեռևս գլխավորում էր Վարդանյանը, խորհրդատվական ծառայություններ է մատուցել նույն օդանավակայանին։

Նաև արտասահմանյան քաղաքական, կրթական, գործարար, ինչպես նաև իրավապաշտպան շրջանակներում հայտնի Ռուբեն Վարդանյանի անվան հետ կապվող այս աղմկահարույց հետաքննությունում շրջանառվում է նաև բրիտանացի արքայազն Չարլզի անունը: Ըստ հետաքննող լրագրողների՝ օֆշորային ցանցերից ստացված գումարների մի մասն էլ հոսել է դեպի թագավորական ընտանիքին պատկանող բարեգործական հիմնադրամ: BBC-ի փոխանցմամբ՝ հիմնադրամը պնդում է, որ Վարդանյանի նվիրաբերած մոտ 200 հազար դոլարի հանգանակությունը ենթարկվել է մանրակրկիտ իրավական ստուգման, որի արդյունքում զգուշանալու առիթներ չեն հայտնաբերվել:

Հետաքննող լրագրողների հարցմանն ի պատասխան, Վարդանյանը, ով, ի դեպ, 2012 թվականին վաճառել է «Տրոյկա Դիալոգ»-ը ռուսաստանյան «Սբերբանկ»-ին, պնդել է, որ տեղյակ չի եղել իր գլխավորած կառույցում տարիներ շարունակված բազմամիլիարդ դոլարների ֆինանսական այդ մեքենայություններից:

Վարդանյանը խոստովանել է՝ ինքը հրեշտակ չէ, սակայն ունեցել է ներքին զսպվածություն:

«Ռուսաստանում դու ունես երեք ուղի՝ լինել հեղափոխական, լքել երկիրը կամ լինել կոմֆորմիստ», - ասել է հայազգի գործարարը՝ հավելելով, որ ինքը նախընտրել է երրորդ տարբերակը՝ լինել կոմֆորմիստ, և վստահեցնելով, որ երբեք չի մասնակցել հարկային աճուրդների, չի աշխատել հանցագործների հետ, չի եղել նաև այս կամ այն քաղաքական կուսակցության անդամ:

«Սբերբանկ»-ը, հերքելով իր մասնակցությունը ֆինանսական մեքենայություններին, այսօր իր հերթին հայտարարել է, որ նշված փոխանցումները կատարվել են «Տրոյկա Դիալոգ» ընկերության գնման գործարքին երբևէ առնչություն չունեցած ընկերությունների հաշվեհամարներից:

Ռուսաստանյան բանկի միջոցով 2006-2013 թվականներին 9 միլիարդ դոլարի լվացման մասին պնդումներին այսօր արձագանքել է նաև Կրեմլը՝ հայտարարելով, որ հետաքննության իսկությունը պետք է պարզեն համապատասխան կառույցները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG