Մատչելիության հղումներ

Հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ․ Օսիպյան


Ոստիկանությունում երեկ տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է ոստիկանության պետ Վալերի Օսիպյանը:

Ըստ ոստիկանության պաշտոնական կայքէջի, խորհրդակցությանը մասնակել են ոստիկանության պետի տեղակալները, կենտրոնական ապարատի, վարչությունների, տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ:

Վալերի Օսիպյանը խոսել է ոստիկանության ծառայողների սոցիալական վիճակի և դրա բարելավմանն ուղղված աշխատանքների մասին, կարևորել ծառայության մեջ աչքի ընկած ոստիկաններին պարգևավճարներով խրախուսելու և մի շարք այլ խնդիրներ:

Ոստիկանության պետը նշել է, որ թեև հանցավորության դեմ պայքարում կան դրական միտումներ, սակայն պետք է չթուլացնել աշխատանքն ու նույն ինտենսիվությամբ շարունակել ծառայել՝ շեշտը դնելով հատկապես օպերատիվ գործունեության որակական բարելավման վրա:

Օսիպյանի խոսքով՝ չափազանց դրական արդյունք է տվել ուժեղացված ծառայությունը, այդ թվում՝ գիշերային ծառայությունները, որոնց ընթացքում թե՛ կանխվում, թե՛ բացահայտվում են հանցագործություններ:

Կարևորվել է ապօրինի զենք-զինամթերքի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման աշխատանքների ուժեղացումը: Ծառայությունը պետք է առավել արդյունավետ կազմակերպել նաև կոռուպցիոն և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների, բնակարանային գողությունների բացահայտման ուղղությամբ:

Ոստիկանության պետը հակիրճ ներկայացրել է նաև ոստիկանության գործունեությանը վերաբերող օրենսդրական ու կառուցվածքային փոփոխությունները:

Խորհրդակցության ավարտին 2018 թվականին բարեխիղճ ծառայությամբ աչքի ընկած ոստիկանության մի խումբ ծառայողներ պարգևատրվել են մեդալներով ու պատվոգրերով:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG