Մատչելիության հղումներ

Սիմոն Մաղաքյան․ Հին Ջուղայում կատարվածը մշակութային ցեղասպանություն է


Իրան - Հայ հոգևորականն աղոթում է Իրան-Ադրբեջան սահմանին, իսկ հետին պլանում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ոչնչացնում հայկական խաչքարերը, 2005թ. (Լուսանկարը՝ Djulfa.com-ի)
Իրան - Հայ հոգևորականն աղոթում է Իրան-Ադրբեջան սահմանին, իսկ հետին պլանում երևում է, թե ինչպես են ադրբեջանցի զինվորները ոչնչացնում հայկական խաչքարերը, 2005թ. (Լուսանկարը՝ Djulfa.com-ի)

Բրիտանական հեղինակավոր Guardian պարբերականը օրերս անդրադարձել է Ջուղայի՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում ներառված հայկական խաչքարերի ոչնչացմանը Ադրբեջանի կառավարության կողմից՝ դա որակելով որպես «Մշակութային ամենամեծ եղեռնը 21-րդ դարում»:

Guardian-ը փաստում է՝ Ջուղայի միջնադարյան հայկական գերեզմանատանը ժամանակին շուրջ 10 հազար խաչքար է եղել, սակայն խորհրդային տարիներին պարբերաբար տեղ գտած վանդալիզմի ակտերը հանգեցրեցին նրան, որ ձգտելով պահպանել միջնադարյան խաչքարերը՝ ՅՈւՆԵՍԿՕ-ն 2000 թվականին տարածքը ճանաչեց մշակութային ժառանգություն: Այդուհանդերձ, գրում է պարբերականը, նույնիսկ այդ փաստը չփրկեց Ջուղայի խաչքարերը ոչնչացումից:

Guardian-ի նյութի համար որպես հիմք է ծառայել Hyperallergic արվեստաբանական ամսագրում հրապարակված ծավալուն զեկույցը, որը պատրաստել են քաղաքագետ, վերլուծաբան Սիմոն Մաղաքյանը և Սառա Փիքմանը: Զեկույցի հեղինակները Նախիջևանում հայկական խաչքարերի ոչնչացումը համեմատում են «Իսլամական պետության» կողմից Սիրիայում Պալմիրայի ավերման հետ:

Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են Ջուղայի խաչքարերը, 2005թ․
Ադրբեջանցի զինվորները ոչնչացնում են Ջուղայի խաչքարերը, 2005թ․

«Ազատության» հետ զրույցում Մաղաքյանը, ով բնակվում է Միացյալ Նահանգների Դենվեր քաղաքում, պնդեց, որ Ադրբեջանի կառավարության իրականացրածը մշակութային ցեղասպանություն և մարդկության դեմ հանցագործություն է:

«Սա միայն Ջուղայի խաչքարերի մասին չէ, խոսքը Նախիջևանի ամբողջ հայկական մշակույթի ոչնչացման մասին է՝ 5 հազար 840 խաչքար, որոնցից 3 հազարը Հին Ջուղայում էին, 89 եկեղեցի և 22 հազար տապանաքար: Սրանք այն մշակութային բեկորներն էին, որոնք դեռևս գոյություն ունեին Ադրբեջանի Նախիջևան այդ տարածքում Սովետական Միության փլուզումից հետո», - ընդգծեց Սիմոն Մաղաքյանը:

«Ինչ որ կատարվել է սովետական ժամանակահատվածում, դա չի կարող որակվել որպես մշակութային ցեղասպանություն: Այն, ինչի մասին մենք խոսում ենք, սկսվել է 1997 թվականի գարնան վերջին, և պատճառը, որ գիտենք, թե երբ է սկսվել, դա հայտնի հումանիստ և գրող Աքրամ Այլիսլին է, որը վերջերս բացահայտեց, որ 1997 թվականի հունիսի 10-ին նա ուղարկել է հեռագիր Հեյդար Ալիևին, որում փաստում է․ - «Նախագահ Ալիև, Դուք սկսել եք Ագուլիսի հայկական եկեղեցիների և գերեզմանոցի ավերումը, խնդրում եմ վերջ տվեք այս վանդալիզմին»», - ասաց վերլուծաբանը՝ շարունակելով․ - «Նաև գիտենք, թե երբ է ավարտվել այս մշակութային ցեղասպանությունը՝ վերջնաժամկետը 2006 թվականի դեկտեմբերի 31-ն է»:

«Նույնիսկ Արևմտյան Հայաստանում, որտեղ թուրքական իշխանությունները վերացրել են գրեթե 3 հազար հայկական եկեղեցի և տաճար, մենք գտնում ենք բեկորներ եկեղեցիների, մի քանի տեղ ձևական նույնիսկ վերանորոգել են հայկական եկեղեցիները, ինչպես արել են Աղթամար կղզում: Նախիջևանի տարածքում, առանց չափազանցության, զրո հետք է մնացել հայկական մշակույթից՝ զրո», - շեշտեց Մաղաքյանը:

«Կարծում եմ՝ հիմա արել ենք ամենակարևորը, որն է՝ ցույց տալ համաշխարհային հանրությանը, որ սա, ինչպես ասում են, տեղեկատվական պատերազմի խնդիր չէ, սա հայ-ադրբեջանական հակամարտության միակ խնդիր չէ՝ սա միջազգային հանրության, մարդկության դեմ կատարված հանցանք է, որը պետք է բոլորը դատապարտեն: Եվ ես ուրախ եմ, որ շատ ադրբեջանցիներ, ովքեր նաև օգնեցին մեզ այս հետաքննության գործընթացում, նույնպես դատապարտում են», - ասաց Սիմոն Մաղաքյանը՝ նշելով, մասնավորապես ադրբեջանցի պատմաբան և մարդու իրավունքների պաշտպան Արիֆ Յունուսի, գրող Աքրամ Այլիսլիի անունները: «Բոլորի անունները չեմ կարող բարձրաձայնել՝ իրենց իսկ ապահովության համար», - ընդգծեց նա:

«Արիֆ Յունուսը բացատրում է, որ երբ Իլհամ Ալիևը 2003 թվականին դարձավ նախագահ՝ փոխարինելով իր հորը, նա տեսավ հակահայկականությունը որպես իր միակ լեգիտիմ դառնալու հնարավորությունը, և ըստ Արիֆ Յունուսի՝ այդ գոյություն ունեցող հակահայկականությունը արդեն դարձավ ֆաշիստական Գերմանիայում գոյություն ունեցող հակասեմականության մակարդակի», - ասաց Սիմոն Մաղաքյանը՝ նշելով․ - «Ի դեպ, մեր զեկույցում միայն մեկ հոգի է օգտագործում «մշակութային ցեղասպանություն» տերմինը՝ դա հենց Արիֆ Յունուսն է»:

«Աշխարհը իրավամբ ճանաչել է «Իսլամական պետության» կողմից Պալմիրայի ավերումը որպես պատերազմական հանցագործություն՝ մեծագույն կորուստ Սիրիայի ժողովրդի և ողջ մարդկության համար: Մաղաքյանը հույս ունի, որ հայաստանցիները և ադրբեջանցիները Նախիջևանում տեղի ունեցածը նույնպես կդիտարկեն որպես հանցագործություն, որը բիրտ ռեժիմը գործել է ընդդեմ բոլորի», - գրում է Guardian-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG