Մատչելիության հղումներ

Այսօր Կանանց տոնն է


Հայաստան, Երևան, ապրիլ, 2018թ․
Հայաստան, Երևան, ապրիլ, 2018թ․

Մարտի 8-ի՝ Կանանց տոնի առթիվ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շնորհավորական խոսքով հանդես եկավ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ արտասանելով Հովհաննես Շիրազի «Գարնանամուտ» բանաստեղծությունը:

«Իմ հոգու բոլոր մանուշակները, շուշաններն ու կակաչները ձեզ՝ սիրելի կանայք՝ մայրեր, քույրեր, դուստրեր: Շնորհավոր մարտի 8», - Ֆեյսբուքում գրել է Փաշինյանը:

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր Կանանց տոնի առթիվ ընդունելություն է կազմակերպել նախագահական նստավայրում: Նա նշել է, որ Մարտի 8-ը հրաշալի առիթ է՝ շնորհավորելու ու մեծարելու մայրերին, տատիկներին, քույրերին ու աղջիկներին, ովքեր միավորում են գեղեցկությունը, սերն ու երջանկությունը:

Մարտի 8-ի և տոնական միամսյակի առթիվ շնորհավորելով միջոցառման մասնակից կանանց և աղջիկներին՝ Արմեն Սարգսյանը ծաղիկներ է հանձնել նրանց, փոխանցում է Հայաստանի նախագահի գրասենյակը: «Նախագահ Սարգսյանը մեր երկրի բոլոր կանանց ու աղջիկներին մաղթել է առողջություն, սեր ու ջերմություն, իսկ տղամարդկանց հորդորել՝ կանանց տոները նշել ոչ թե մեկ օր կամ մեկ ամիս, այլ՝ ամբողջ տարին», - ասված է հաղորդագրությունում:

Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդի շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասված է․ - «Լուսո Խորան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու սրտագին շնորհավորանքներն ենք բերում սիրելի տիկնանց և օրիորդաց՝ մարտի 8-ի տոնական առիթով: Գարնան այս բերկրաշատ տոնին բոլորիս սրտերը համակվում են ուրախությամբ և ջերմ զգացումներով՝ դեպի մեր մայրերն և քույրերը: Անգնահատելի է ձեր դերն ու ավանդը, սիրելինե՜ր, ազգային, պետական ու հասարակական մեր կյանքում, և անփոխարինելի ձեր առաքելությունը՝ ընտանեկան հարկից ներս ու սերունդների դաստիարակության գործում»:

«Մեծարումի, գնահատանքի այս տոնական օրը Հայրապետիս մաղթանքն է, որ Ամենախնամ Տերը Իր օրհնության ու շնորհների ներքո պահպանի ձեզ և զորակից լինի ձեր առաքինի գործերին, որպեսզի բարի ընթացքով շարունակեք լուսավորել մեր ժողովրդի կյանքը, ուրախություն պարգևեք ձեր ընտանիքներին՝ ջերմությամբ, հոգատարությամբ և սիրո կատարյալ նվիրումով», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասված է Վեհափառի ուղերձում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG