Վրաստանը` իշխող կուսակցության ներսում կտրուկ փոփոխությունների սպասելիս, ինչը քաղաքագետները կապում են նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի վերադարձի հետ: Նա վերադարձել է քաղաքականություն և նշանակվել «Վրացական երազանք»-ի քաղաքական քարտուղար:
Ղարիբաշվիլիի վերադարձը շատերի համար նույնքան անսպասելի էր և անտրամաբանական, որքան նրա հրաժարականն ու հրաժեշտը քաղաքական գործունեությանը:
«Նա կուսակցությունը ավելի ուժեղ կդարձնի», - ողջունելով Ղարիբաշվիլիի վերադարձը՝ հայտարարել է իշխող կուսակցության ղեկավար անդամ, Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
2015 թվականին կառավարությունից հեռանալիս Ղարիբաշվիլին հայտարարել էր, թե այդ քայլով հետևում է Բիձինա Իվանիշվիլիի աննախադեպ օրինակին, ով վարչապետության ամենաեռուն ժամանակաշրջանում որոշեց հրաժարական տալ:
Իր պաշտոնավարման ընթացքում Ղարիբաշվիլին, ի դեպ, հաճախ է ծաղրուծանակի առարկա դարձել Իվանիշվիլիին ուղղված անթիվ-անհամար շնորհակալությունների պատճառով:
«Պաշտոնը ժամանակավոր է, սիրելիներս, հավերժ է միայն Աստված և հայրենիքը», - պաթոսով հայտարարել էր Ղարիբաշվիլին՝ ընդգծելով, որ կմնա «հայրենիքի հավատարիմ զինվորը», և գնացել էր ծառայելու Վրաստանի Գործընկերային հիմնադրամում՝ նշանակվելով բարձր վարձատրվող պաշտոնում:
Հարազատ կուսակցությունը, սակայն, երեք տարի անց որոշեց ետ կանչել «հավատարիմ զինվորին»:
«Մեռած ոգիների վերակենդանացում», - այսպես է արձագանքել Ղարիբաշվիլիի վերադարձին ընդդիմադիր Միացյալ ազգային շարժումը:
Նախկին վարչապետի վերադարձը, մինչդեռ, ինչպես նշում են ընդդիմախոսները, հազիվ թե կարողանա փրկել ծանր օրեր ապրող «Վրացական երազանք»-ին, որը կորցրել է սահմանադրական մեծամասնությունը խորհրդարանում ու հայտնվել պառակտման եզրին:
Այս օրերին իշխող կուսակցությունը լքում են ազդեցիկ պատգամավորները՝ Էկա Բեսելիայի գլխավորությամբ, որպես պատճառ մատնանշելով դատական համակարգի փոփոխությունները, մասնավորապես՝ պատգամավորների հաստատմանը ներկայացված դատավորների տասը թեկնածուների ցանկը: Իշխող կուսակցության պատգամավորների մի մասը կտրականապես դեմ են այդ թեկնածուներից մի քանիսին, ովքեր աշխատել են Միխեիլ Սաակաշվիլիի նախագահության օրոք և կատարել նրա քաղաքական պատվերները:
Վրաց փորձագետներից շատերի համոզմամբ՝ դատական համակարգի խնդիրները ընդամենը պատրվակ էին «Վրացական երազանք»-ը լքողների համար: Նրանք կարծիք են հայտնում, թե այդպիսով Բիձինա Իվանիշվիլին վերադասավորումներ է անում 2020 թվականին նախատեսված խորհրդարանական ընտրություններից առաջ՝ մասնավորապես «բաժանում և իշխում է» կամ իր իսկ կողմից վերահսկվող գրպանային ընդդիմություն է փորձում ստեղծել:
Թե որն է այս գործընթացներում Ղարիբաշվիլիի դերակատարությունը՝ վրաց քաղաքագետները դժվարանում են միանշանակ պատասխանել: Մինչ այդ, վրացական սոցցանցերը վերհիշում են նախկին վարչապետի պաշտոնավարումը` միլիարդատեր քաղաքական առաջնորդին անընդհատ շնորհակալություն հայտնելուց մինչև ընդդիմախոսներին արհամարհելու սովորությունը և, իհարկե, նրա և երկրի չորրորդ նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի միջև առճակատումը:
Այդ ժամանակ Վրաստանի առաջին դեմքերի միջև «բարի ավանդույթ» էր ձևավորվել՝ վիճել, թե ով պետք է երկիրը ներկայացնի միջազգային հարթակներում: Հաճախ հրապարակային այդ վեճն ավարտվել է նրանով, որ նույն միջոցառմանը Վրաստանը ներկայացնում էին երկու տարբեր պատվիրակություններ: