Մատչելիության հղումներ

Մակրոնը եվրոպական վերածննդի և ԵՄ-ում խորը բարեփոխումների կոչ է անում


Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ
Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոն, արխիվ

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը եվրոպական վերածննդի, Եվրամիությունում խորը բարեփոխումներ իրականացնելու կոչ է արել՝ զգուշացնելով ազգայնականության վտանգներից: Նա ասել է, որ «Բրեքզիթ»-ը խորհրդանշում է Եվրոպայի ճգնաժամը, որը չկարողացավ ժամանակակից աշխարհի ցնցումներից պաշտպանել ժողովրդին, որի կարիքը նրանք ունեին: «Մենք չենք կարող ազգայնականներին թույլ տալ օգտագործել մարդկանց զայրույթը», - գրել է Մակրոնը իր հոդվածում, որը երեկ տպագրվել է եվրոպական երկրների 28 թերթերում:

Կոչ անելով եվրոպական վերածննդի, Մակրոնը գրել է, որ ազգայնականները թյուրիմացության մեջ են գցում, երբ ասում են՝ «պաշտպանում են մեր ինքնությունը Եվրամիությունից դուրս գալու միջոցով»: Հենց «եվրոպական քաղաքակրթությունն է միավորում, ազատություն պարգևում ու պաշտպանում մեզ», ընդգծել է Ֆրանսիայի նախագահը:

Մակրոնն առաջարկել է եվրոպական գործակալություն ստեղծել ժողովրդավարությունը պաշտպանելու համար, օգնելու Եվրամիության երկրներին պաշտպանել իրենց ընտրական գործընթացները հաքերային հարձակումներից ու մանիպուլյացիաներից: Նա նշել է, որ եվրոպական կուսակցություններին դրսի ուժերի կողմից ֆինանսական օգնությունը պետք է արգելվի: Մակրոնը կոչ է արել բարեփոխել առանց սահմանների Շենգենյան գոտին, սահմանապահ համատեղ ուժեր ու միգրացիոն գրասենյակ ստեղծել:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում պաշտպանել է Էմանյուել Մակրոնի կոչը՝ եվրոպական ընտրությունները պաշտպանելու արտաքին միջամտությունից:

«Հակաեվրոպական արտաքին ուժեր կան, որոնք անթաքույց կամ գաղտնի ձգտում են ազդեցություն գործել եվրոպացիների ազատ ընտրության վրա, ինչպես տեղի ունեցավ «Բրեքզիթ»-ի ու Եվրոպայում նախընտրական մի շարք արշավների դեպքում և հնարավոր է նորից տեղի ունենա մայիսին կայանալիք եվրոպական ընտրությունների ժամանակ», - զգուշացրել է նա:

Ֆրանսիայի նախագահն աջակցություն է ստացել նաև Գերմանիայից: «Էմանյուել Մակրոնը ուժեղ ազդանշան հղեց Եվրոպայի համախմբման համար: Կարծում եմ նա ճիշտ է: Մեր գործողությունները պետք է առաջնորդեն ոչ թե թերահավատությունը, այլ վստահությունը», - ասել է Գերմանիայի ֆինանսների նախարար Օլաֆ Շուլցը:

Եվրախորհրդարանի ընտրություններն անցկացվելու են մայիսի 23-26-ը: Ակնկալվում է, որ հիմնական պայքարն ընթանալու է ազգայնական ուժերի ու բարեփոխականների միջև:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG