Մատչելիության հղումներ

Հայաստանը վճռական է՝ շարունակելու Եվրամիության հետ գործընկերությունը. Փաշինյան


Հայաստանը վճռական է տրամադրված Եվրամիության հետ գործընկերությունը շարունակելու հարցում, այսօր Բրյուսելում Եվրոպական խորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Իր հերթին, Եվրախորհրդի ղեկավարն իր հիացմունքը հայտնեց Հայաստանի ժողովրդին ժողովրդավարություն և տնտեսական զարգացում բերելու` Փաշինյանի վճռականության վերաբերյալ․ - «Ձեր կառավարությունը առաջնահերթ ուշադրություն է դարձնում արժեքների և դրանց վրա հիմնված բարեփոխումների վրա, ինչը բարձր է գնահատվում Եվրոպայում: Ես հիանում եմ ժողովրդավարական և տնտեսական բարեփոխումներ իրականացնելու Ձեր վճռականությամբ, որից շահելու են բոլոր հայաստանցիները»:

Վարչապետը նշեց, որ Տուսկի հետ հանդիպմանն անդրադարձել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին, տարածաշրջանային զարգացումներին։

«Մենք խոսել ենք Հայաստանում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին, որոնք միջազգային հանրության կողմից որակվել են որպես եվրոպական լավագույն չափանիշներին համապատասխանող ընտրություններ։ Գիտենք, որ այս ընտրությունների նկատմամբ աննախադեպ հանրային վստահություն կար, և, այս առումով, մենք բարձր ենք գնահատում Եվրոպական միության աջակցությունն այս ընտրությունների հաջող կազմակերպման հարցում։ Այն դինամիկ քաղաքական փոփոխությունները, որ տեղի ունեցան մեր երկրում, Հայաստանին և Եվրոպական միությանն ավելի են մերձեցրել», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց՝ Հայաստանում ժողովրդավարությանն այլընտրանք չկա։

«Ժողովրդավարության ուղղությամբ բարեփոխումների օրակարգը հավանության է արժանանում Եվրամիության կողմից, և մենք առաջնահերթ ենք համարում մարդու իրավունքները, կոռուպցիայի դեմ պայքարը և օրենքի գերիշխանությունը», - ասաց Փաշինյանը։

Վարչապետն ընդգծեց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքը Եվրամիության հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ, և քայլեր են ձեռնարկվում Հայաստանում ժողովրդավարական ձեռքբերումներն էլ ավելի առաջ տանելու համար։

«Ուրախ եմ տեսնել, որ մեր գործընկերները մեզ հետ համանման օրակարգ ունեն։ Մենք վճռական ենք տրամադրված բարեփոխումներ իրականացնելու և մեր քաղաքացիների ու հայրենակիցների միջավայրը բարելավելու համար, ինչպես նաև ստեղծելու այնպիսի միջավայր, որը կողջունի մեր գործընկերներին և ներդրումներ կատարողներին», - ասաց վարչապետը՝ շարունակելով. - «Մենք քննարկեցինք Հայաստան-Եվրամիություն համաձայնագիրը և գտնում ենք, որ դա կարևորագույն գործիք է մեր բարեփոխումների օրակարգն առաջ տանելու հարցում։ Մենք դեռևս սպասում ենք Եվրամիության անդամ բոլոր պետությունների կողմից այդ համաձայնագրի վավերացմանը, որը թույլ կտա լիարժեքորեն օգտվել համաձայնագրի տրամադրած առավելություններից։ Այս համատեքստում մենք քննարկել ենք համաձայնագրի վավերացման գործընթացն արագացնելուն ուղղված քայլերը, մենք նաև քննարկել ենք վիզաների ազատականացման գործընթացը, որը թույլ կտա Հայաստանի քաղաքացիներին ավելի ազատ կերպով ճանապարհորդել Եվրոպական միության երկրներ։ Հույս ունենք, որ այս հարցում քաղաքական որոշումը շուտ կկայացվի»։

Փաշինյանն ասաց, որ անդրադարձել են նաև ղարաբաղյան խնդրին։

«Քննարկել ենք Եվրամիության շարունակական հավասարակշիռ դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում։ Մենք ողջունում ենք այն, որ Եվրամիությունը փաստում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է զբաղվի այս խնդրով, և դա կարևոր ներդրում է Հայաստանում և տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ուղղությամբ։ Մենք ընդունում ենք, որ ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով պետք է լուծվի», - ասաց Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ Եվրամիության հետ այս կառուցողական երկխոսությունը շարունակվելու է, որն էլ ավելի կուժեղացնի Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը։

Վարչապետի այցը Բրյուսել երեկ է մեկնարկել: Նա նախօրեին ելույթ է ունեցել Եվրախորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, որից հետո ելույթից հետո պատասխանել է նաև հանձնաժողովի անդամների հարցերին: Մասնավորապես, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հարցերին` Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ ներկա պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ կարգավորում։

«Լեռնային Ղարաբաղի առնչությամբ պետք է նշեմ, որ չի կարող լինել խնդրի ռազմական լուծում, և մենք պետք է ստեղծենք համապատասխան մթնոլորտ խաղաղ հանգուցալուծման հասնելու համար: Սեպտեմբերին ես աննախադեպ հայտարարությամբ հանդես եկա խորհրդարանում առ այն, որ հակամարտության կարգավորումը պետք է ընդունելի լինի Հայաստանի ժողովրդի, Արցախի ժողովրդի և Ադրբեջանի ժողովրդի համար: Եվ ես հույս ունեի, որ նմանատիպ հայտարարություն կհնչի Ադրբեջանից, այդ երկրի նախագահի կողմից, սակայն, ցավոք, այդ հույսերը չարդարացան: Ընդհակառակը, Ադրբեջանը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ են հակամարտությունը լուծել ուժի միջոցով՝ առանց հաշվի առնելու Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ազգաբնակչության շահերը: Կարծում եմ, որ այս պայմաններում դժվար է ակնկալել խնդրի շուտափույթ լուծում»:

Փաշինյանն ընդգծել է, որ կարևոր է նաև բանակցությունների ձևաչափի հարցը։ Ըստ նրա՝ միջազգայնորեն ընդունված է, որ Ղարաբաղյան հակամարտությունն ունի երեք կողմ, ինչն ամրագրվեց 1994 թվականին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթաժողովի ժամանակ: Սակայն մինչ այսօր բանակցություններում ներգրավված է եղել միայն երկու կողմ, և ցավոք, Հայաստանն ու Ադրբեջանը բանակցել են առանց Լեռնային Ղարաբաղի մասնակցության:

«Այդպես է եղել թերևս այն պատճառով, որ Հայաստանի նախորդ ղեկավարները ծնունդով Ղարաբաղից էին և համարում էին, որ իրենք կարող են ներկայացնել Լեռնային Ղարաբաղի շահերը: Ես Հայաստանի Հանրապետության վարչապետն եմ, այլ ոչ թե Լեռնային Ղարաբաղի վարչապետը: Լեռնային Ղարաբաղի բնակիչները չեն մասնակցում հայաստանյան ընտրություններին և չեն հանդիսանում Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ուստի ես չեմ կարող բանակցել նրանց անունից: Հետևաբար, հարցի երկրորդ կողմն այն է, որ պետք է ստեղծել բանակցությունների համապատասխան ձևաչափ, ինչն անհնար է առանց այդ գործընթացում Լեռնային Ղարաբաղի ներգրավման»:

Ինչ վերաբերում է կոռուպցիայի դեմ պայքարին, վարչապետն ասել է, որ հարուցվել են մի շարք քրեական գործեր նախկին պաշտոնյաների նկատմամբ: Այդ ուղղությամբ բացահայտումները կշարունակվեն, և դատարանները պետք է որոշեն այդ քրեական գործերի ճակատագիրը: Այդ առումով չափազանց կարևոր է ապահովել դատարանների անկախությունը։

«Մեր կառավարությունն սկզբից ևեթ ջանքեր է գործադրել՝ վերջ դնելու դատարանների որոշումների վրա ազդելու արատավոր գործելակերպին: Բայց ես վստահ չեմ, որ նախկին իշխանությունները, կամ եթե կուզեք օլիգարխիան, այլևս չեն օգտվում դատարանների որոշումների վրա ազդելու իրենց լծակներից ու գործիքներից: Այդուհանդերձ, մենք չենք պատրաստվում որևէ կերպ ներգործել դատարանների որոշումների վրա. մեր նպատակն է դատական համակարգը դարձնել իրապես անկախ», - ասել է Նիկոլ Փաշինյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG