Մատչելիության հղումներ

ԵՄ-ը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումներին. Մոգերինի


Լուսանկարը՝ ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվականի

Եվրամիությունը պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին՝ օրենքի գերակայության ամրապնդման, մարդու իրավունքների պաշտպանության, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողման, տնտեսական առաջընթացի ապահովման և մի շարք այլ ուղղություններով: Այս մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին երեքշաբթի օրը Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ:

Մոգերինին ողջունել է Փաշինյանի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և երկրում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն է՛լ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: Հայաստանի կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և է՛լ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Փաշինյանը և Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

Նույն օրը Հայաստանի վարչապետը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը բանակցություններից հետո լրատվամիջոցների համար հանդես են եկել հայտարարություններով: Այնուհետև լրագրողների հարցերին պատասխանել են Նիկոլ Փաշինյանը և Եվրոպական հանձնաժողովի հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG