Մատչելիության հղումներ

«Հոկտեմբերի 27»-ը հսկայական ողբերգություն էր և արժանի գնահատականը պետք է ստանա. Արմեն Սարգսյան


«Հոկտեմբերի 27»-ը հսկայական ողբերգություն էր մեր պատմության մեջ և համապատասխան արժանի պատմական գնահատականը պետք է ստանա, իսկ պատմականի մեջ մտնում է նաև իրավականը, այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը։

Սարգսյանը Եռաբլուրում էր՝ մասնակցելու սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակի առթիվ հիշատակի ոգեկոչման արարողությանը։

Նախագահը նշեց՝ Վազգեն Սարգսյանը 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է։

«Այսօր ինչ-որ իմաստով տխուր օր է, բայց իրականում հսկայական ուրախության օր է՝ սրանից 60 տարի առաջ Արարատյան դաշտի փոքրիկ գյուղում ծնվել է մի հրաշք մանուկ, որի անունը եղել է Վազգեն և այդ հրաշք մանուկն իսկական հայկական ընտանիքում ստացել է իսկապես հայեցի կրթություն։ Այդ հրաշք մանուկը մեր 20-րդ դարի վերջի և 21-րդ դարի հսկաներից մեկն է՝ սպարապետ Վազգեն Սարգսյանը։ Այսօր տոնում ենք իր ծննդյան 60-ամյակը, կնշենք նաև 70, 80, 90-ամյակները, բայց նա միշտ կմնա 40-ամյա երիտասարդ Վազգեն Սարգսյանը՝ մեր ազգային հսկաներից մեկը», - ասաց նախագահը։

1999 թվականի հոկտեմբերի 27-ին հարձակում տեղի ունեցավ Ազգային ժողովի վրա, երբ հերթական նիստին կառավարությունը պատասխանում էր պատգամավորների հարցերին: Սպանվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը և նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ևս 8 հոգի վիրավորվեց։

2003 թվականի դեկտեմբերի 2-ի դատավճռով Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանը ցմահ ազատազրկման դատապարտեց Նաիրի Հունանյանին և նրա հանցախմբի 5 անդամներին, հանցախմբի ևս մեկ անդամ դատապարտվեց 14 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG