Մատչելիության հղումներ

Սպիտակ տունը «խայտառակ» է որակել ռուսների հետ Թրամփի կապերը հետաքննելու նախաձեռնությունը


Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս, արխիվ
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերս, արխիվ

Սպիտակ տունը խստորեն քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ առնչություն ունեցող ավելի քան մեկ տասնյակ մարդկանց հարցումներ ուղղելու՝ Ներկայացուցիչների տան նախաձեռնությունը:

Սպիտակ տունը «խայտառակ և վիրավորական» է որակել դեմոկրատների վերահսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի այդ մտադրությունը, որի նպատակն է պարզել Թրամփի ենթադրական կապերը ռուսների հետ:

Հանձնաժողովը հարցումներ է ուղղել 81 հասցեներով, այդ թվում՝ նախագահի որդիներին և փեսային:

Դատական հանձնաժողովի նախագահ, դեմոկրատ Ջերոլդ Նադլերը երեկ ասել է, որ իշխանության տարբեր ճյուղերի հավասարակշռությունն ապահովելը Ներկայացուցիչների տան առաքելությունն է:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսն այդ նախաձեռնությունն անվանել է «վարկաբեկող նյութերի հայթայթում», հավելելով, որ «ռուսների հետ կապերում շահերի բախում որոնելու երկու տարվա փորձերը ձախողվում են»:

Հարցումներ են ուղղվել նաև ռուսական կողմին, մասնավորապես՝ միլիարդատեր Վիկտոր Վեքսելբերգին, նրա ամերիկացի ազգական Էնդրյու Ինրթաթերին, վրացական ծագումով ամերիկացի գործարար Իրակլի Կավելաձեին, Կրեմլի հետ սերտ կապեր ունեցող պետերբուրգցի գործարար Եվգենի Պրիգոժինին, Ռուսաստանի և ԱՄՆ-ի քաղաքացի, լոբբիստ Ռինատ Ախմետշինին, ինչպես նաև ԽՍՀՄ-ում ծնված և ԱՄՆ տեղափոխված գործարար Ֆելիքս Սաթերին, ով ժամանակին համագործակցել է Դոնալդ Թրամփի հետ:

Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովը հայտնել է, որ հասցեատերերին առաջարկել է կամավոր պատասխանել հարցումներին, սակայն եթե նրանք մերժեն առաջարկը՝ հանձնաժողովը դատական կարգով կպարտադրի պատասխանել հարցումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG