Մատչելիության հղումներ

Թրամփին կասկածում են արդարադատությունը խոչընդոտելու մեջ


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ, արխիվ

ԱՄՆ Ներկայացուցիչների տան դատական կոմիտեն հարցումներ է ուղղելու պետական գերատեսչություններին, տարբեր հիմնարկներին և անհատներին, նպատակ ունենալով պարզել, թե արդյո՞ք նախագահ Դոնալդ Թրամփի և նրան մոտ կանգնած ևս մի քանի անձերի գործողություններում կան արդարադատությունը խոչընդոտելու տարրեր և այլ ապօրինություններ:

Ընդհանուր հաշվով հարցումներն ուղղվելու են 81 հասցեներով, այդ թվում նախագահի որդիներ Դոնալդ Թրամփ կրտսերին, Էրիկ Թրամփին, WikiLeaks համացանցային կառույցին, Սպիտակ տան օգնական և Թրամփի փեսա Ջարեդ Քուշներին, Թրամփի կազմակերպության ավագ ֆինանսական ղեկավար Ալեն Վեյսելբերգին, ԱՄՆ արդարադատության նախկին նախարար Ջեֆ Սեշընզին և Սպիտակ տան նախկին խորհրդական Դագ ՄըքԳանին:

«Մենք տեսնում ենք վնասը, որ կրել են մեր դեմոկրատական հաստատություններն այն պատճառով, որ Կոնգրեսը երկու տարի շարունակ հրաժարվել է պատշաճ աստիճանի հսկողություն իրականացնել: Կոնգրեսը պարտավոր է իշխանության տարբեր ճյուղերի միջև հավասարակշռություն ապահովել», - ասել է Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի նախագահ Ջերոլդ Նադլերը:

Անցած ընտրություններից հետո այդ հանձնաժողովում մեծամասնություն են ապահովել դեմոկրատ կոնգրեսականները:

Հանձնաժողովը պետք է պարզի, թե արդյո՞ք Թրամփը խոչընդոտել է արդարադատությունը, երբ իր ընդդիմախոսը համարելով՝ աշխատանքից ազատել է արդարադատության նախարարության համակարգում բարձր պաշտոններ զբաղեցրած ծառայողներին, մասնավորապես՝ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Քոմիին, և արդյո՞ք չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ ներում առաջարկելով առանձին մարդկանց կամ ճնշում բանեցնելով վկաների վրա:

Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հաստատել է, որ Թրամփի աշխատակազմը ստացել է Ներկայացուցիչների տան դատական հանձնաժողովի պաշտոնական նամակը:

«Սպիտակ տան պատկան օղակները կվերլուծեն նամակը և սահմանված կարգով կարձագանքեն», - ասել է Սանդերսը:

Նույն նամակը ստանալու փաստը հաստատել է նաև արդարադատության նախարարության խոսնակ Քերի Կուպեցը:

Կոնգրեսի հանրապետականները դեմոկրատականներին մեղադրում են Թրամփին հետապնդելու և նրա իմպիչմենտի հարցն օրակարգ բերելու մտադրության համար:

Ըստ հանրապետականների, դեմոկրատներն այդ մարտավարությունն են ընտրել 2020 թվականի նախագահական ընտրություններում հաղթելու համար:

2016 թվականի ընտրություններին ռուսների հնարավոր միջամտության հարցով զբաղվել է Հետաքննությունների դաշնային բյուրոն:

Թրամփն այդ կառույցի ղեկավար Քոմիին պաշտոնանկ է արել 2017-ի մայիսին:

Հետագայում հետաքննությունը ստանձնել է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը, ով առաջիկա շաբաթներին կավարտի աշխատանքը և կներկայացնի իր եզրակացությունը:

Ենթադրվում է, որ Մյուլերի թիմի կատարած աշխատանքի արդյունքը միայն մասամբ կհրապարակվի, իսկ ամբողջական զեկույցը կտրամադրվի Սպիտակ տանը, Կոնգրեսին և դատական ատյաններին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG