Մատչելիության հղումներ

CNN. Հաջորդ շաբաթ կազդարարվի Ռոբերտ  Մյուլերի հետաքննության պաշտոնական ավարտը


ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ
ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլեր, արխիվ

Չի բացառվում, որ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի և Ռուսաստանի իշխանական շրջանակների միջև հնարավոր կապերի մասին Ռոբերտ Մյուլերի խմբի իրականացրած հետաքննության արդյունքներն ամփոփող զեկույցը Կոնգրեսի անդամներին ներկայացվի արդեն հաջորդ շաբաթ: Այս մասին հաղորդում է CNN հեռուստաընկերությունը` վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրները:

CNN-ի տեղեկություններով՝ Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Ուիլյամ Բարը մի քանի օրից կարող է հայտարարել Ռոբերտ Մյուլերի խմբի հետաքննության պաշտոնական ավարտի մասին, ինչից հետո ամերիկացի կոնգրեսականները հնարավորություն կստանան ծանոթանալ Հետաքննությունների դաշնային բյուրոյի նախկին տնօրենի և նրա ենթակաների կազմած ծավալուն զեկույցի ամփոփ տարբերակին:

CNN-ի լրագրողների պնդմամբ՝ առայժմ հստակ չէ, թե Ռոբերտ Մյուլերի հետաքննության արդյունքում ձեռք բերված հատկապես որ ապացույցներն ու բացահայտումներն են ուղարկվելու Կոնգրես, և որոնք են մնալու փակի տակ: Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ նմանատիպ հետաքննությունների արդյունքների հանրայնացման ծավալները որոշվում են բացառապես երկրի գլխավոր դատախազի կողմից:

Չորեքշաբթի երեկոյան, Ավստրիայի վարչապետի հետ Սպիտակ տանը կայացած բանակցությունների ավարտին, նախագահ Թրամփը ևս պնդում էր, որ ինքն անձամբ չի ցանկանում որևէ կերպ միջամտել Մյուլերի զեկույցի գաղտնազերծման խնդրին:

«[Գլխավոր դատախազ Բարը] հիանալի մարդ է, հիանալի մի անձնավորություն, որն իրոք հարգում է այս երկիրը, հարգում է արդարադատության նախարարությունը: Զեկույցի գաղտնազերծումը ամբողջությամբ կախված կլինի նրանից», - հայտարարում էր Թրամփը:

Սակայն Վաշինգտոնում արդեն իսկ որոշ մտավախություններ են ի հայտ գալիս, որ նախագահի նման բարձր գնահատականին արժանացած Ուիլյամ Բարը կարող է խոչընդոտել 2016 թվականի նախագահական ընտրություններին Ռուսաստանի միջամտության և Թրամփի շրջապատի ու Մոսկվայի կապերի մասին զեկույցի ամբողջական հանրայնացմանը: Գլխավոր դատախազի պաշտոնում իր նշանակման շուրջ ուղիղ մեկ շաբաթ առաջ Սենատում կայացած լսումների ժամանակ Բարը նշում էր․ - «Մեր երկիրը այս խնդիրների` վստահություն ներշնչող լուծման կարիք ունի: Ես չեմ հանդուրժի, որպեսզի կուսակցական քաղաքականությունը, անձնական շահերը կամ որևէ այլ սխալ նկատառում ազդեցություն ունենան այս կամ նմանատիպ մեկ այլ հետաքննության վրա»:

Թրամփի ընդդիմախոսներն առայժմ խուսափում են կանխատեսել` արդյո՞ք երկրի գլխավոր դատախազը օրենսդիրներին կներկայացնի Մյուլերի հայթայթած բոլոր ապացույցները, եթե դրանք առկա են: Կալիֆորնիայից ընտրված դեմոկրատ կոնգրեսական Ադամ Շիֆն, օրինակ, համոզված է, որ Մյուլերի հետաքննության ընթացքում արդեն իսկ պարզ դարձավ, որ Ռուսաստանի իշխանական շրջանակների և Թրամփի մերձավորների միջև գործարքի մասին վկայող «բացահայտ ապացույցներ են առկա»:

Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրենի նախկին պաշտոնակատար Էնդրյու ՄըքՔեյբը, որը Թրամփի շրջապատի և Մոսկվայի կապերի հետաքննության գլխավոր նախաձեռնողներից մեկն էր, CNN-ին տված հարցազրույցում ի պատասխան լրագրողի ուղիղ հարցի, թե արդյո՞ք շարունակում է պնդել, որ Դոնալդ Թրամփը ռուսների ազդեցության տակ է, նշում էր․ - «Կարծում եմ, որ դա հնարավոր է: Այդ կասկածներն էին պատճառը, որ մենք սկսեցինք այս հետաքննությունը: Ես այժմ լուրջ մտահոգությամբ սպասում եմ` արդյոք Ռոբերտ Մյուլերը կհանգի՞ այդ հետևությանը»:

Սպիտակ տան ղեկավարը, մինչդեռ, պնդում է, որ վերջին օրերին խիստ ակտիվացած Էնդրյու ՄըքՔեյբը նման մեղադրանքներ հնչեցնելով անձնական հաշիվներ է մաքրում իր հետ:

«Դա ուղղակի կատարյալ աղետ է: Այն, ինչ փորձում է անել ՄըքՔեյբը, ուղղակի սարսափելի է: Նա պատվազուրկ մարդ է», - հայտարարում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG