Մատչելիության հղումներ

«Իմ նպատակն է՝ ամեն տեսակի քայլերով օգտակար լինել և աջակցել Գյումրիին». ՀՀ նախագահ


«Իմ նպատակն է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել և աջակցել Գյումրիին», - այսօր ասել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ հյուրընկալելով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հատուկ շնորհակալություն է հայտնել նախագահին Գյումրիի հանդեպ մնայուն ուշադրության համար:

Արմեն Սարգսյանը տեղեկացրել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղարի հետ իր զրույցի մասին՝ Գյումրիի պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանավորության տակ վերցնելու վերաբերյալ:

«Սա ինձ համար սկզբունքային է, քանի որ դա թույլ չի տա, որպեսզի որևէ մեկը ոտնձգություն անի պատմական շինությունների նկատմամբ», - ասել է նախագահը՝ շարունակելով. - «Երկրորդը՝ հնարավորություն կտա որոշակի ծրագրեր, միջազգային ֆինանսավորում ներգրավել Գյումրիի կենտրոնի համար: Իմ նպատակն է՝ փոքր, մեծ, ամեն տեսակի քայլերով օգտակար լինել և աջակցել Գյումրիին»:

Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը նշել է, որ Գյումրին բարձր մակարդակի ուշադրության կարիք ունի, և համաձայնել է նախագահի հետ, որ Գյումրու պատմական կենտրոնը պետք է փրկել, վերադարձնել այն իր պատմական սքանչելի տեսքին, հատկապես, եթե ցանկություն կա զբոսաշրջությունը զարգացնել:

Շիրակի թեմի առաջնորդը նշել է, որ այդ ամենի հետ մեկտեղ պետք է լուծվեն նաև քաղաքի մյուս խնդիրները:

Նախագահն առաջնահերթ կարևորել է նաև մարդկանց զբաղվածության հարցը:

«Կարող ես լավագույն բնակարանը տալ մարդուն, բայց եթե նա աշխատանք չունի, չի կարողանում իր ընտանիքը պահել, դրա արդյունքը մենք բոլորս գիտենք: Եթե մարդիկ բավարար աշխատանք ունենան, կարող են իրենց աշխատանքով բնակարան կամ տուն գնել», - ասել է Արմեն Սարգսյանը:

Նշելով, որ այսօր կան բոլոր նպաստավոր պայմանները և հնարավորությունները՝ գոնե առաջիկա երկու-երեք տարում առկա խնդիրները լուծելու համար՝ զրուցակիցները համակարծիք են եղել, որ Գյումրին իր ներուժով մեծ ներդրում կարող է ունենալ ընդհանուր Հայաստանի զարգացման մեջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG