Վիեննայում այսօր նախատեսված է ամերիկացի և ռուս բարձրաստիճան գեներալների դեմ առ դեմ հանդիպումը՝ Սիրիայում ստեղծված իրավիճակի հարցով:
Պաշտոնական աղբյուրների համաձայն, ԱՄՆ զինված ուժերի գլխավոր շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Ջոզեֆ Դանֆորդը և Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ Վալերի Գերասիմովը տեսակետներ կփոխանակեն նաև ռուս-ամերիկյան ռազմական հարաբերությունների, Եվրոպայի անվտանգության, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը անցած դեկտեմբերին անակնկալի բերեց դաշնակիցներին ու ամերիկացի օրենսդիրներին՝ հայտարարելով, թե «Իսլամական պետություն»-ը պարտության է մատնված, և ժամանակն է, որ տեղում ծառայող 2 հազար ամերիկացի զինվորները տուն վերադառնան: Ընդդիմախոսների քննադատություններից հետո՝ անցած ամիս, Սպիտակ տունը վերանայեց այդ ծրագրերը՝ խոստանալով 400 խաղաղապահ թողնել Սիրիայում՝ պաշտպանելու դաշնակից քրդերին, որոնք հայտնվել են Թուրքիայի թիրախում: