Սպիտակ տունը հստակեցրել է իր ծրագրերը Սիրիայում խաղաղապահ առաքելության հարցում՝ հայտարարելով, թե պատրաստվում է երկարամյա պատերազմից տուժած այդ երկրում թողնել 400 զինվորական: Հայտարարությունից մեկ օր առաջ, մինչդեռ, նշվել էր, որ Սիրիայում մնալու է 200 ամերիկացի խաղաղապահ:
Երեկ Սպիտակ տունը ոչ միայն նոր թվեր է հրապարակել, այլև նշել է, որ զինվորները տեղակայված են լինելու Սիրիայի հյուսիսարևելյան Տանֆ կայազորում:
Պաշտոնական աղբյուրներն առայժմ չեն պարզաբանում՝ որն է առաքելությունն ընդարձակելու պատճառը, և որքան է այն մնալու Սիրիայի տարածքում:
Տեղի քրդերը՝ Ամերիկայի աջակցությունը վայելող Սիրիայի դեմոկրատական ուժերը, ողջունել են տարածքում ամերիկացի խաղաղապահներ թողնելու որոշումը, հույս հայտնելով, որ սա կարող է քաջալերել միջազգային կոալիցիայի մյուս անդամներին ևս՝ պահպանելու իրենց ներկայությունը երկրում: