Մատչելիության հղումներ

Մոսկվայի Պետհամալսարանում «Առաջին Սկրիպալյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով է անցկացվելու


Մեծ Բրիտանիա - Իրավապահները Սոլսբերիում այն տան մոտ, որտեղ բնակվել են Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, ապրիլ, 2018թ․
Մեծ Բրիտանիա - Իրավապահները Սոլսբերիում այն տան մոտ, որտեղ բնակվել են Սերգեյ և Յուլիա Սկրիպալները, ապրիլ, 2018թ․

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ մեկ տարի անց այդպես էլ պարզ չէ, թե ինչ է տեղի ունեցել բրիտանական Սոլսբերի քաղաքում 2018-ի մարտի 4-ին, ինչպես նաև հայտնի չէ՝ որտեղ և ինչ վիճակում են Սերգեյ Սկրիպալն ու նրա դուստր Յուլիան։

Զախարովայի խոսքով՝ Մոսկվան 60-ից ավելի հարցում է ուղարկել Լոնդոնին Սկրիպալների գործով, սակայն բոլորը մնացել են անպատասխան։ Զախարովան «Կամսամոլսկայա պրավդա»-ին տված հարցազրույցում հայտարարել է նաև, որ Մոսկվան չգիտի՝ արդյո՞ք կենդանի են Սկրիպալները։

«Մենք համբերատար մեր հետաքննությունն ենք անցկացնում և այս գործը ավարտին ենք հասցնելու, թող ոչ ոք չկասկածի։ Չափազանց դրամատիկ էին այս պատմության հետևանքները, և մենք այն մոռացության չենք տա», - նշել է Զախարովան։

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հատուկ հայտարարություն է արել Սկրիպալների գործով, շնորհակալություն է հայտնել բրիտանացի ոստիկաններին, որ կարողացել է պաշտպանել քաղաքը և նորից անվտանգ դարձրել այն։ - «Սոլսբերին նորից պատրաստ է ընդունել զբոսաշրջիկների», - հայտարարել էր Մեյը։

Այն ինչ տեղի տեղի է ունեցել մեկ տարի առաջ Սոլսբերիում կտրուկ վատացրել է առանց այդ էլ վատ հարաբերությունները արևմուտքի և Ռուսաստանի միջև։ Մոսկվայում Սոլսբերիի տաճարն ու «Նովիչոկ» տիպի նյարդապարալիտիկ նյութը դարձել են բազմաթիվ կատակների, նույնիսկ համակարգչային խաղի թեմաներ։

Պաշտոնական Մոսկվան մեկ տարի անց հայտարարում է, որ սկսում է իր սեփական հետաքննությունը։

Մոսկվայի Պետական համալսարանում առաջիկա օրերին նախատեսված է անցկացնել «Առաջին Սկրիպալյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով՝ հայր և դուստր Սկրիպալների թունավորման տարելիցի շրջանակում: Այդ մասին հայտարարել Մոսկվայի Պետհամալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի պրոֆեսոր Անդրեյ Մանոյլոն «Խոսում է Մոսկվան» ռադիոկայանի եթերում:

Մանոյլոն նաև Ռուսաստանի Անվտանգության խորհրդի գիտխորհրդի անդամ է:

Նրա խոսքով՝ գիտաժողովում քննարկվելու է Ռուսաստանի տարածքում տեղեկատվական պատերազմների՝ արևմտյան հատուկ ծառայությունների փորձը:

Մանոյլոն «Տեղեկատվական պատերազմներ և գործողություններ Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու համար» դասախոսությունների շարքի հեղինակ է:

Գիտաժողովին հրավիրված են նաև Ռուսլան Բոշիրովն ու Ալեքսանդր Պետրովը, ում Մեծ Բրիտանիայի իրավապահները համարում են Ռուսաստանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ և պաշտոնապես մեղադրանք են առաջադրել Սկրիպալներին թունավորելու համար:

Այս պահին դեռ հայտնի չէ՝ երբ է տեղի ունենալու այս գիտաժողովը, և արդյո՞ք իսկապես ներկա են լինելու Բոշիրովն ու Պետրովը:

Մոսկվայի Պետհամալսարանի քաղաքագիտության ֆակուլտետի մամուլի ծառայությունը երեկ երեկոյան «Առաջին Սկրիպալյան ընթերցումներ» խորագրով գիտաժողով անցկացնելու մասին տեղեկությունը հաստատել է, սակայն հավելել է, որ Բաշիրովն ու Պետրովը, գոնե այս պահին, հրավիրված չեն:

Ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալին և նրա դուստր Յուլիային անգիտակից վիճակում հայտնաբերել էին անցած տարվա մարտի 4-ին բրիտանական Սոլսբերիում՝ նստարանի վրա: Շաբաթներ շարունակ հիվանդանոցում բուժում ստանալուց հետո նրանք ապաքինվել են: Բրիտանական իշխանությունները պարզել են, որ Սկրիպալները թունավորվել են Խորհրդային Միությունում արտադրված «Նովիչոկ» տեսակի նյարդապարալիտիկ նյութով: Պաշտոնական Լոնդոնը Ռուսաստանի հատուկ ծառայություններին և իշխանություններին է մեղադրել այս թունավորման համար: Ի աջակցություն Մեծ Բրիտանիայի՝ արևմտյան երկրները կոշտ պատժամիջոցներ են սահմանել և սահմանում Ռուսաստանի դեմ՝ Սկրիպալների գործի շրջանակում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG