Մատչելիության հղումներ

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդը ռեկտոր է ընտրում


Շիրակի պետական համալսարան, արխիվ

Շիրակի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդն այսօր բաց մրցույթով ռեկտոր է ընտրում:

Սահմանված ժամկետում՝ փետրվարի 22-ին, 4 հայտ էր ներկայացվել։ Մեկը՝ Նազելի Ավետիսյանն ինքնաբացարկ էր ներկայացրել, քանի որ աշխատանքային ստաժի հետ կապված չէր համապատասխանում չափարոշիչներին: Մնացած 3 հայտատուներից 2-ին խոհուրդը գրանցեց թեկնածու՝ Լուսինե Ֆլջյանին և Անդրանիկ Սարգսյանին: Մանուշակ Կարապետյանը ևս չհամապատասխանեց չափորոշիչներին և մերժեցին գրանցումը:

Շիրակի պետական համալսարանի (ՇՊՀ) ռեկտորի պաշտոնը թափուր է անցած տարվա մայիսից, երբ բուհում ամիսներով շարունակվող բողոքի ակցիաներից հետո, հանրապետական ռեկտոր Սահակ Մինասյանը հրաժարական տվեց:

ՇՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանն ասաց, որ սա բուհի պատմության մեջ առաջին բաց մրցույթն է:

«Այս ընտրությունները աննախադեպ են, որովհետև առաջին անգամ անցկացվում է բաց, այսինքն համալսարանի աշխատակազմը, սովորողները, լրագրողները ներկա են գտնվելու այս գործընթացին։ Նախկինում այն փակ է եղել, և մենք կանոնակարգի փոփոխություններով սահմանեցինք, որ ճիշտը բացն է», - նշեց Բարսեղյանը։

Երկու թկանածուներն էլ ներկայացրեցին իրենց մոտեցումները բուհի զարգացման, ստեղծված ֆինանսական վիճակից դուրս գալու վերաբերյալ: Հոգաբարձուների խորհրդի անդամներին հետաքրքրում էին թե՛ քաղաքական հարցեր, թե՛ ինչպիսի ճանապարհ են տեսնում՝ բուհը այժմյան իրավիճակից դուրս բերելու:

Անդրանիկ Սարգսյանն անցած մայիսին է դուրս եկել ՀՀԿ-ից: Ասում է՝ չպետք է թույլ տալ, որ քաղաքականությունը բուհ գա։ ֊ «Ոչ մի քաղաքական ուժ տվյալ բուհում ես թույլ չեմ տա, որ գործունեություն ծավալի։ Հոգնել ենք, ես գիտության մարդ եմ, եկեք գիտությամբ զբաղվենք։ Ոչ մի քաղաքական ուժ չպետք է սպասարկվի։ Մեր ժողովրդի հոգեբանությունը մի քիչ ուրիշ է, եթե մեծ կոլեկտիվ է մտածում են՝ էսքան ձեն ունեն, բայց ես էդպես չեմ մտածում», ֊ հայտարարեց նա։

Շիրակի նախկին մարզպետ, «Իմ քայլը» դաշինքից պատգամավոր Կարեն Սարուխանյանը հետաքրքրվեց, թե որքանո՞վ են համապատասխանում իրականությանը այն խոսակցությունները, թե Անդրանիկ Սարգսյանը նախկին ռեկտորի մարդն է։

«Ուրեմն Սահակ Մինասյանը, ժողովրդական լեզվով ասեմ, իմ էրեխու հացը կտրեց, խնդրում եմ էդ անունը իմ մոտ մի տվեք։ Սահակ Մինասյանին ես ճանաչել եմ, որպես Կրթության վարչության ղեկավար, Սահակ Մինասյանը ինձ ո՛չ ընկեր է եղել, ո՛չ մտերիմ է եղել, ո՛չ մի բան։ Սահակ Մինասյանի հետ բացարձակ ոչ մի կապ չունեմ, ինձ թվում է այստեղ նստածներից շատերը կհաստատեն՝ երբ որ Սահակ Մինասյանը մուտք է գործել էս բուհ, առաջինը ինձ է ժամերից զրկել, իմանալով, որ իր ախոյանն եմ», - նշեց Սարգսյանը։

Լևոն Բարսեղյանը տեղեկացրեց, որ բուհի ֆինասական դեֆիցիտը 80-180 միլիոն դրամի սահմաններում է տատանվում։ Հարցին, թե ինչպե՞ս է տեսնում այդ դեֆիցիտը լրացնելու ճանապարհը, պատասխանեց. ֊ «Վարկային քաղաքականությունից ընդհանրապես ես խուսափում եմ, ավելի շատ ես մտածում եմ՝ ստեղծագործ աշխատանքով բոլոր բացերը լրացնել։ Առաջին իմ քայլը կլինի այն, որ խորհրդակցեմ աուդիտորների հետ։ Թող վերլուծեն, իրական պատկեր ես կարողանամ տեսնել, չեմ տիրապետում շատ մանրամասնությունների, չեմ կարող միանգամից ասել, թե ինչ է, բայց պատկերացնում եմ, թե ինչ սարսափելի բան է դա»։

Լուսինե Ֆլջյանն ասաց՝ անկուսակցական է ու այդ կարգավիճակում էլ նախընտրում է մնալ: Նա ևս պատասխանեց քաղաքական հարցերի, մասնավորապես շրջանառվող լուրերին, թե ինքը ԱԺ-ի նախագահի ու կրթության նախարարի, այսպես ասած, «դաբրոն» ունի: Այս հարցը «Իմ քայլը» դաշինքի մեկ այլ պատագամավորի՝ Սոֆյա Հովսեփյանին հետաքրքրեց:

«Չեմ ճանաչել Արարատ Միրզոյանին, պարոն Հարությունյանին գիտեմ որպես Կրթության և գիտության նախարար և ուզում եմ շնորհակալություն հայտնել, որովհետև երբևիցե չի եղել նման փորձ՝ մրցույթներով ընտրել համալսարանի ռեկտոր», - ասաց Ֆլջյանը։

Երկու թեկնածուների ներկայացրած բուհի զարգացմանն ուղված ծրագրերի շատ դրույթներ հոգաբարձուների խորհրդի անդամները համարեցին, որ կնպաստի բուհի զարգացմանը, որոշ դրույթներ էլ քննադատվեցին՝ կխանգարի կթությանը:

Ըստ կանոնակարգի մինչև ժամը 19-ը շարունակվելու է հոգաբարձուների խորհրդի նիստը և եթե մինչ այդ ռեկտորի ընտրությունը չկայանա, ապա այն հոգաբարձուների որոշմամբ կարող է շարունակվել կամ հետաձգվել մինչև հաջորդ օրը՝ ժամը 9-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG