Մատչելիության հղումներ

ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի Հայաստանի արտաքին քաղաքականության ուժեղացման հարցում. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Դիվանագետի օրվա կապակցությամբ։

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի ուղերձում, մասնավորապես, ասված է. ֊ «Հատկանշական է, որ մասնագիտական ձեր տոնը շաղկապված է հայ ժողովրդի պատմության ու հայոց պետականության կայացման շրջանի կարևորագույն այն իրադարձության հետ, երբ Հայաստանի Հանրապետության եռագույնը վեր հառնեց ՄԱԿ կենտրոնակայանի առջև՝ իրականացնելով մեր ժողովրդի դարավոր երազանքը, որն է՝ Հայաստանի տեղի ու դիրքի իրավական և խորհրդանշական ամրագրումը ինքնիշխան պետությունների մեծ ընտանիքում»։

Փաշինայնն ընդգծել է, որ Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում կան լրջագույն հարցեր, որոնք առաջնահերթ և կենսական նշանակություն ունեն մեր պետության համար: Այդ հարցերի նկատմամբ մեր դիրքորոշմամբ և կեցվածքով են պայմանավորված Հայաստանի բնականոն զարգացումը, անվտանգությունը և միջազգային հեղինակությունը:

«Հայաստանը ներկայումս ընթանում է հանրային կյանքի ամենատարբեր ոլորտներում համարձակ և անշրջելի բարեփոխումների ճանապարհով: Դուք՝ դիվանագետներդ, նույնպես կարևոր առաքելություն ունեք այս գործընթացներում՝ արտաքին քաղաքական ոլորտում այն ողջ ներուժը նյութականացնելու առումով, որը համակարգվեց մեր երկրում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությամբ», - նշել է վարչապետը:

Նա հավելել է, որ այսօր Հայաստանը միջազգային ասպարեզում հասել է մինչ օրս չհաղթահարած ամենաբարձր վարկանիշին. ֊ «Մինչ օրս Հայաստանում տեղի ունեցած և շարունակվող փոփոխություններն արժանացել և շարունակում են արժանանալ միջազգային հանրության ամենաբարձր գնահատականին։ Այս ամենը մենք պետք է կարողանանք առարկայացնել արտաքին քաղաքական ու տնտեսական ձեռքբերումներով»:

«Հայաստանն իրավունքի ու արդարության, ճշմարտության ու կարևորագույն արժեքների՝ ազատության, ժողովրդավարության, իրավունքի գերակայության, մարդու իրավունքների պաշտպանության երկիր դարձնելն է մեր համատեղ առաքելությունը, և այդ առաքելությունից մենք չենք շեղվելու ոչ մի միլիմետր, - նշել է Փաշինայնը՝ հավելելով. ֊ «Մեր կարևորագույն առաջնահերթությունը քաղաքական հեղափոխության վերածումն է տնտեսական հեղափոխության: Հայաստանի արտաքին քաղաքականության տնտեսական բաղադրիչի ուժեղացումը մեր այսօրվա անհետաձգելի խնդիրներից է, և ԱԳՆ-ն մեծ դերակատարություն ունի այս հարցում: Մենք պետք է նաև միջազգային ասպարեզում լավագույնս և համապարփակ կերպով ներկայացնենք մեր երկրում բիզնես միջավայրի բարելավման նպատակով ստեղծվող բոլոր հնարավորությունները»:

Դիմելով դիվանագետներին՝ նա ասել է. ֊ «Այսօր մենք ունենք բացառիկ միասնություն՝ մեր համազգային օրակարգն առաջ մղելու համար, որի նպատակը մեր պետականության ամրապնդմանը միտված նպատակների և երազանքների իրագործումն է: Այդ առումով ձեզանից ակնկալում եմ հետևողական և անմնացորդ աշխատանք: Շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ՝ մաղթում եմ նոր խիզախ գաղափարներ և անսպառ եռանդ դրանք իրագործելու ճանապարհին՝ ի շահ մեր պետության հզորացման ու ժողովրդի բարօրության»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG