Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի ականատես․ Այդ ողբերգությունը չպետք է մոռացվի


Անի Գևորգյան, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ականատես
Անի Գևորգյան, 2008-ի մարտիմեկյան իրադարձությունների ականատես

2008-ի մարտի 1-ի իրադարձությունների ականատես, լուսանկարիչ Անի Գևորգյանը պատմում է, որ այդ օրը երեկոյան ինքը մոր և կրտսեր եղբոր հետ գտնվել է Շահումյանի անվան հրապարակում, ավագ եղբայրը՝ Մյասնիկյանի արձանին հարող տարածքում։

Լսել են կրակոցների ձայներ, բայց թե որտեղից էր և ում ուղղությամբ էին կրակում՝ չէին կարող իմանալ. - «Մենք մի քանի րոպե էդ շրջափակման մեջ կանգնելուց հետո ուղղակի սկսեցինք ճանապարհներ փնտրել դեպի հրապարակ, դեպի էնտեղ, որտեղ կրակում էին, դեպի էնտեղ, որտեղ մեր եղբայրն էր: Էդ ժամանակ մենք տեսակ ինչ-որ երիտասարդների, ովքեր շարժվում էին դեպի Խորենացու փողոց, Ոսկու շուկա, որտեղից մուտք կա դեպի Անգլիական այգի: Մենք սկսեցինք քայլել այդ ուղղությումբ, բայց․․․ անհայտ ծագման ուժայինները մեզ սկսեցին ցրել՝ հայհոյանքներով, բռնության սպառնալիքներով, մահակներով, վահաններով»:

Անի Գևորգյանի կրտսեր եղբայրը՝ Սարգիսը, 2008-ի հետընտրական իրադարձությունների ժամանակ 16 տարեկան էր։ Մարտի 1-ին բոլոր խաչմերուկներում, նրա փոխանցմամբ, բոլոր փողոցներում քաղաքացիները հետապնդվում էին քաղաքացիական հագուստով անձանց, ոստիկանների կողմից, ծեծվում էին, տարվում անհայտ ուղղությամբ․ - «Ամենաանհանգստացնող կրակոցները նրանք էին, երբ ձայնը լսվում էր, բայց տեսանելի չէր: Ու ամեն էդպիսի կրակոցի ընթացքում ժողովրդի արձագանքը ուղղակի տպավորիչ էր, որովհետև բոլորը հասկանում էին, որ էդ փամփուշտը դիպավ ինչ-որ քաղաքացու, պետք է գնալ, ինչ-որ բան անել: Էդ ժամանակ մենք կարողացանք Անգլիական այգու մուտքին մոտենալ, որպեսզի անցնենք դեպի Մյասնիկյանի արձան, էդտեղ վազելով մի խումբ տղաներ դուրս եկան ու բղավեցին, որ արդեն զոհեր կան: Էդ ժամանակ իմ զգացողությունները հակասական էին․ պետք ա ինչ-որ բան անեինք, բայց շրջվեցի ու հասկացա, որ ընտանիքիս մյուս անդամներն են հետս: Ու ոնց որ ոչ մեկը չի խոսում դրա մասին, բայց սաղ գիտեն, որ Արեգը էնտեղ ա»:

«Մարտի 1-ը չափազանց շրջադարձային նշանակություն եղավ ոչ միայն Հայաստանի համար, այլ մեր փոքր ընտանիքի», - Արեգ Գևորգյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին մասնակցել է առաջին օրվանից, մարտիմեկյան իրադարձությունների ականատեսն է, ՀԱԿ վարչության անդամ․ - «Տեղի էր ունենում աղետ, տեղի էր ունենում ողբերգություն, և բոլորը դա զգում էին: Ամբողջ Երևանն էր դա զգում, ամբողջ Հայաստանն էր դա զգում, աշխարհն էր դա զգում այնքանով, ինչքանով որ գիտեր Հայաստանում ինչ է տեղի ունենում: Դա, իհարկե, անակնկալ չէր որևէ մեկի համար: Բոլորը գիտեին, որ իշխանությունը էն իշխանությունն ա, որը պատրաստ է ցանկացած գնով պահել իր իշխանությունը: Պարզ կենաց ու մահու կռիվ էր էնտեղ, պարզ ճակատամարտ էր: Ու ամենացավալին այն էր, որ այդ ճակատամարտը տեղի էր ունենում իշխանության հետ»:

Մարտիմեկյան իրադարձությունների հետևանքով Արեգին և Անիին հեռացրեցին համալսարանից, Սարգսին՝ դպրոցից:

«Դա էլ էդ պրոցեսների հետևանքներից էր: Էնպես ստացվեց, որ մենք երեքս էլ հիմա դիպլոմ չունենք: Բայց մենք ավարտել ենք շատ լուրջ քաղաքական դպրոց, ավարտել ենք հեղափոխական դպրոց, և երեքս էլ պարծենում ենք դրանով: Մեր ընտանիքի համար դա շատ մեծ ու կարևոր արժեք է: Այդ ողբերգությունը, որ բոլորս ապրեցինք այդ օրերի ընթացքում, ուղղակի երբեք չի մոռացվի, չպետք է մոռացվի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG