Մատչելիության հղումներ

Մարտի 1․ պատմում են ականատեսները


«Ազատությունը» զրուցել է 2008 թվականի մարտի 1-ին ոստիկանություն տարված խաղաղ ցուցարարներից ոմանց հետ:

«Ինչի՞ համար եք մարդկանց բերման ենթարկում»․ այս հարցը, ըստ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի, դարձել է 2008-ի մարտի 1-ի առավոտյան իրեն Ոստիկանություն բերման ենթարկելու առիթը:

Գասպարին ասաց, որ մասնակցել է ընդդիմության շուրջօրյա ցույցերին, բայց մարտի 1-ի առավոտյան Ազատության հրապարակում չի եղել, նույնիսկ օպերա չի հասել:

Կենտրոնի բաժնին տարվել է Թումանյան - Մաշտոց խաչմերուկից, երբ դուրս է եկել տեսնելու, թե ինչ է կատարվել․ - «Թումանյան փողոցով որ ես քայլում էի դեպի օպերա, մարդիկ մեծ արագությամբ փախչում էին: Ոստիկանները և ոչ միայն ոստիկանները հետապնդում էին իրանց: Մոտեցա «Գազելին», որ տեսնեմ էդ մարդկանց ինչի են բռնում-խցկում, ինձ էլ բռնեցին-խցկեցին էդ «Գազելը»»:

Վարդգես Գասպարին մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու համար: Պատմեց, որ իրեն մի քանի անգամ գործարք են առաջարկել՝ եթե գրի, որ ցույցերին այլևս չի մասնակցի, ազատ կարձակվի:

Եթե գրեր, կարծում է՝ չէր դատապարտվի․ - «Հազարավոր մարդկանց «դնել պնդօղակի տակ», որ էս մարդիկ այլևս ցույցերի չեն մասնակցելու: Չէ՞ որ իրանք հավաստել են: Հետագայում շարժումը խեղդելու համար էր դա: Հետո, երկրորդ հերթին արդեն, ձերբակալվածների մեջ, դա իմ նկատմամբ չի եղել, այլոց նկատմամբ ա եղել, հարկադրանք ա կիրառվել, որ ցուցմունք գրեն շարժման ղեկավարների նկատմամբ»:

Ոստիկանատանը տասնյակ բերման ենթարկվածների է տեսել, նաև ծեծված մարդկանց: Իր նկատմամբ, ասաց, միայն հոգեբանական ճնշումներ են եղել:

Այդ օրը Գասպարին երկու բաժիններում է եղել՝ Կենտրոնի ու Արաբկիրի․ - «Մարտի 1, մարդկանց ծեծել են․․․ մեկին բերում են, ասում է՝ փաստաբան եմ պահանջում: Մեկը մյուսի երեսին նայեց, կանչեցին իրանց պետին՝ ոմն Պապիչ: Սպասարահում մի հոգի ընկած էր գետնին, երկրապահի հագուստով էր: Էս Պապիչը ծոցից հանեց մի թիվ երևի մահակ էր մետաղական: Շատ հանգիստ էս երկրապահի ձեռքը բռնեց, բարձրացրեց ու էս բանով հարվածեց դաստակին․․․ Դաստակը կոտրվեց, չկոտրվեց, ես չեմ կարող ասել․․․ Ես հասկացա, որ դա արեց ինձ ահաբեկելու համար»:

Հոգեբանական ճնշումները, ըստ Գասպարիի, նաև ձերբակալվածների պահման վայրում են շարունակվել․ - «Շարքով կանգնացրեցին, երբ որ պետք է տանեին Նուբարաշեն, պահանջեցին մերկանալ, իբր թե իրանք նարկոտիկ են փնտրում: Բայց դա այնքան ակնհայտ էր, որ իրանք ուղղակի նվաստացնում էին՝ փորձելով ինչ-որ օրինականության շղարշ տալ»:

Մարտի 1-ի առավոտյան Կենտրոնի ոստիկանաություն բերման ենթարկվածների մեջ էր նաև Սամվել Հարությունյանը։ Երբ ոստիկանական ուժերը շրջապատել են օպերայի հրապարակը, նա տեսել է, որ մի խումբ երիտասարդեներ սկսել են հանել նստարանների փայտերն ու դրանցով հարվածել ոստիկանական վահաններին, փորձել է սաստել: Ասաց, թե հետո է հասկացել, որ նրանք հավանաբար սադրիչներ էին։ Իրեն մոտեցել է մի ոստիկան, տարել օպերայի շենիք պատի տակ ու սկսել է հարվածել:

Ծեծին, Սամվել Հարությունյանի խոսքով, այլ ոստիկաններ ևս միացել են․ - «Խփում էին: Ես ընդամենը պաշտպանվում էի: Դեմքս էի փակել, որ գոնե շատ չտուժեմ: Բացարձակ չեմ դիմադրել»:

Հարությունյանն էլ, Գասպարիի նման, ոստիկանի նկատմամբ բռնության համար մեկ տարվա ազատազրկման է դատապարտվել: Դեմքի կապտուկներին, հայտարարություններին, որ, հակառակը, իրեն ոստիկաններն են ծեծել, ուշադրություն դարձնող չի եղել: Մարտի 1-ին հեռախոսով արած լուսանկարը Հարությունյանը մինչև այսօր պահել է: Հայելի չի գտել՝ տեսնելու, թե դեմքն ինչ վիճակում է, հիշել է հեռախոսի մասին ու նկարել․ - «Իրանք ասեցին՝ մենք որ իրան բռնեցինք, արդեն տենց էր․․․ իբր մենք մեզ արդեն ծեծել էինք»:

Վարդգես Գասպարին ասում է, որ Մարտի 1-ի զոհերի ծնողների նկատմամբ մեղքի զգացում ունի, նրա համար շատ կարևոր է, որ գործը բացահայտվի․ - «Եթե պետք է լինեին այսպես զոհեր, երևի ճիշտ էր դա լինեինք մենք՝ շարժման ավելի ակտիվ մասնակիցներս, և ոչ թե այն մարդիկ, որոնք քիչ թե շատ պատահաբար ընկան էս բաների մեջ: Ես այդ մեղքի զգացողությունն ունեմ: Գոնե մեր ջանքերը պետք է անենք այնքան, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն, և դրա համար պարտք ու պարտական չմնանք զոհվածների ծնողներին»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG