Մատչելիության հղումներ

ԱՄՆ նախագահի նախկին փաստաբանը պնդում է՝ Թրամփը «խաբեբա է, խարդախ և ռասիստ»


ԱՄՆ - Մայքլ Քոենը ցուցմունքներ է տալիս Կոնգրեսի հանձնաժողովում, Վաշինգտոն, 27-ը փետրվարի, 2019թ․

«Դոնալդ Թրամփը խաբեբա է, խարդախ և ռասիստ», - չորեքշաբթի երեկոյան Միացյալ Նահանգների Կոնգրեսում կազմակերպված լսումների ընթացքում նման հայտարարությամբ հանդես եկավ ԱՄՆ նախագահի նախկին փաստաբան Մայքլ Քոենը:

Շուրջ երկու տասնամյակ Դոնալդ Թրամփի հետ աշխատած Քոենը խոստովանում էր, որ Թրամփի գործունեությանը նվիրված նախորդ կոնգրեսական լսումների ժամանակ ամերիկացի օրենսդիրներին մի շարք սուտ տեղեկություններ է տրամադրել:

«Ես ստել եմ Կոնգրեսին` ասելով, որ պարոն Թրամփը 2016 թվականի հունվարին է դադարեցրել Մոսկվայում Trump Tower աշտարակի կառուցման շուրջ բանակցությունները: Դա սուտ էր. նախընտրական արշավի մեկնարկից հետո էլ ամիսներ շարունակ մեր բանակցությունները [ռուսական կողմի հետ] շարունակվում էին», - հայտարարում էր Մայքլ Քոենը:

Հիշեցնենք, որ Քոենը 2018 թվականի դեկտեմբերին դատապարտվեց երեք տարվա ազատազրկման` հարկերից խուսափելու, նախընտրական արշավի ֆինանսավորման կարգը խախտելու և ամերիկյան ֆինանսական մարմիններին կեղծ տեղեկատվություն տրամադրելու համար: Տարիներ շարունակ Թրամփի ամենաերկիմաստ հանձնարարությունները կատարող անձը համարվող Քոենը ընդունեց իր մեղքը՝ համաձայնելով համագործակցել ամերիկյան դատախազության հետ:

Կոնգրեսի վերահսկողության և բարեփոխումների հանձնաժողովում երեկ կայացած լսումների ժամանակ Սպիտակ տան ղեկավարի նախկին փաստաբանը անդրադարձավ նաև Թրամփի շրջապատի և Ռուսաստանի իշխանությունների միջև հնարավոր կապերին:

«Հարցեր են հնչում` արդյո՞ք ես որևէ ուղղակի ապացույց ունեմ առ այն, որ պարոն Թրամփը կամ նրա նախընտրական շտաբն ուղղակի գործարքի մեջ էին մտել Ռուսաստանի հետ: Ուզում եմ հստակորեն նշել` նման ապացույցներ ես չունեմ: Դրա հետ մեկտեղ, ես որոշակի կասկածներ ունեմ», - հայտարարում էր Մայքլ Քոենը:

Թրամփի փաստաբանը երեկ կայացած լսումների ժամանակ Սպիտակ տան ղեկավարի բավական տխուր բարոյական մի կերպար նկարագրեց: Քոենի պնդմամբ՝ Թրամփը անում է ամեն ինչ հանրությունից իր դպրոցական գնահատականները, Վիետնամական պատերազմին չմասնակցելու պատճառները և արտամուսնական կապերը թաքցնելու համար` շատ հաճախ դիմելով ուղղակի սպառնալիքների և կաշառքի օգնությանը:

Քոենի խոսքով՝ Թրամփին բնորոշող հատկություններից ևս մեկը նրա բացասական վերաբերմունքն է սևամորթների հանդեպ:

«Մի անգամ նա ինձ հարցրեց՝ արդյո՞ք ես կարող եմ սևամորթ ղեկավար ունեցող որևէ պետություն հիշատակել, որ խայտառակ վատ վիճակում չէ: Դա, ի դեպ, Բարաք Օբամայի նախագահության տարիներին էր: Մի անգամ մենք մեքենայով անցնում էինք Չիկագոյի ամենաաղքատ թաղամասերից մեկով, և Թրամփը ասաց` միայն սևերը կարող են այսպես ապրել: Նա նաև ասել է ինձ, որ աֆրոամերիկացիները երբեք իր օգտին չեն քվեարկի, քանի որ չափազանց հիմար են դրա համար», - նշում էր Մայքլ Քոենը:

Միացյալ Նահանգների նախագահը Վիետնամ կատարած այցի ավարտին արձագանքեց Մայք Քոենի հայտարարություններին` նշելով, որ նրա բոլոր ասածները կատարյալ սուտ էին՝ բացառությամբ Ռուսաստանի և իր նախընտրական տաբի կապերի մասին հայտարարությունների:

«Մայքլ Քոենը շատ էր ստում, բայց ուշագրավ է, որ նա սուտ չխոսեց Ռուսաստանի հետ գործարքի մասին: Ես նույնիսկ զարմացա, թե ինչու նա այդ հարցում էլ սուտ չի խոսում: Նա հայտարարեց, որ Ռուսաստանի հետ որևէ գործարք չի եղել, և անկեղծ ասած՝ ես բավական տպավորված եմ, որ նա որոշեց իր հայտարարությունների 95 տոկոսը, այլ ոչ թե 100 տոկոսը համեմել ստերով», - հայտարարում էր Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG