Մատչելիության հղումներ

Դատավորը քննարկում է ինքնաբացարկի՝ Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը


Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ
Գեներալ Մանվել Գրիգորյան, արխիվ

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի գրավի միջնորդությունը քննող դատավոր Մարինե Մելքոնյանին երեկ պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Այսօր ժամը 14-ին պետք է հրապարակվեր միջնորդության վերաբերյալ որոշումը։ Նիստը դեռևս շարունակվում է։

Թեև Գրիգորյանի պաշտպանները ինքնաբացարկի հիմքերի մասին չեն բարձրաձայնում, սակայն նախկինում նրանք բազմիցս դժգոհություն են հայտնել՝ կապված այն հանգամանքի հետ, որ Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ գործերը մշտապես մակագրվում են նույն դատավորին՝ Մարինե Մելքոնյանին, վերջինս էլ մշտապես որոշում է, որ կալանքի համար հիմքեր կան։

Կարելի է ենթադրել, որ այս անգամ ևս ինքնաբացարկի հիմքում դրվել է վերոնշյալ հանգամանքը։

Մանվել Գրիգորյանը նիստին չի մասնակցում, նա փետրվարի 8-ից գտնվում է «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Կենտրոնի գործադիր տնօրեն Անատոլի Գնունին այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Գրիգորյանն այժմ գտնվում է հիվանդասենյակում՝ բժիշկների հսկողության տակ, հետազոտությունները շարունակվում են։ Գնունու խոսքով՝ առաջին օրվանից մինչ այս պահը վերակենդանացման բաժանմունքի հսկողության և բուժման կարիքը Գրիգորյանը չի ունեցել։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, առանձնապես խոշոր չափերով գույք հափշտակելու, հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներ վատնելու և շորթմամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ:

Գեներալը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն, Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Այս ամիս Հատուկ քննչական ծառայությունը հաղորդեց Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտելու մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG