Մատչելիության հղումներ

Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը


Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբաններն այսօր դատավոր Մարինե Մելքոնյանին ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։ Ինքնաբացարկի վերաբերյալ որոշումը կհրապարակվի վաղը՝ ժամը 14։00-ին։

Նշենք, որ այս դատավորը մի քանի անգամ մերժել է Գրիգորյանին գրավով ազատելու միջնորդությունը:

Հիշեցնենք, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի և նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է, և գործը կուղարկվի դատարան։

Ավելի քան ութ ամիս տևած նախաքննությունից հետո Հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ Գրիգորյանի մեղադրանքը լրացվել է։ Նա այժմ մեղադրվում է ապօրինի կերպով զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ: Մանվել Գրիգորյանի որդու` Արման Գրիգորյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Մանվել Գրիգորյանը ձերբակալվել, ապա կալանավորվել է անցած տարվա հունիսին: Դեկտեմբերին նա ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից՝ խափանման միջոցը առաջին ատյանի դատարանը փոխարինեց 25 միլիոն դրամ գրավով, փաստաբանների փոխանցմամբ՝ որոշման հիմքում դնելով 62-ամյա գեներալի տասնյակից ավելի հիվանդությունները։ Այս տարվա հունվարի 22-ին, սակայն Վերաքննիչ քրեական դատարանը բավարարեց դատախազության բողոքը, և Գրիգորյանը կրկին կալանավորվեց։

Փետրվարի 8-ից Գրիգորյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում է գտնվում։ Փաստաբանի փոխանցմամբ՝ առողջական վիճակը դեռևս ծանր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG