Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյան․ «Փոփոխություններից հետո Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր»


«Հայաստանի առավելությունն այն է, որ մենք հավատացած ենք, որ նորարար ենք», - հայտարարել է նախագահ Արմեն Սարգսյանը՝ այսօր հյուրընկալելով իր հրավերով Երևան ժամանած աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ ֆրանսիական THALES-ի փոխնախագահ, տարածաշրջանային տնօրեն Փոլ Ռեմիին:

«Դրա ապացույցն է, որ մեր երկրում կան մեծ թվով ստարտափեր, զարգանում է ստարտափերի մշակույթը: Երկրորդ՝ այսօր՝ փոփոխություններից հետո, Հայաստանը դարձել է ավելի երիտասարդ երկիր: Մարդիկ ոգևորված են, փորձում են գտնել լուծումներ: Մենք ունենք կրթության շատ բարձր մակարդակ: Այստեղ գործում են Հայաստանի ամերիկյան համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Ֆրանսիական համալսարանը, ինչպես նաև Եվրոպական համալսարանը: Սա, անշուշտ, առավելություն է: Երրորդ, մենք ներկայացնում ենք յուրահատուկ շուկա, որը ներառում է այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ռուսաստանը, Ղազախստանը, որոնց հետ Հայաստանը սերտ հարաբերություններ ունի: Պետք է հաշվի առնել նաև Ռուսաստանում հայկական մեծ համայնքի առկայությունը: Մենք նաև Եվրասիական տնտեսական միության անդամ ենք, որը բազմահազարանոց շուկա է», - Հայաստանի նախագահի գրասենյակի փոխանցմամբ՝ ասել է Արման Սարգսյանը:

Նախագահը նշել է, որ THALES-ի ղեկավարության հետ նախորդ հանդիպումների ընթացքում քննարկել են համագործակցության հնարավորություններն ու հավանական ուղղությունները: «Մենք պետք է բացահայտենք, թե ինչ կարող ենք անել միասին: Եվ դա պետք է արվի լայն սպեկտրով», - ասել է Արմեն Սարգսյանը:

Փոլ Ռեմին մասնավորապես ասել է. - «THALES-ը ֆրանսիական և եվրոպական տեխնոլոգիական առաջատար ընկերություն է: Մենք չենք կարող մոռանալ Կենտրոնական Ասիայի շուկան: Տեսնում ենք, որ դուք Ասիայի և Եվրոպայի խաչմերուկում եք: Հայաստանը ներգրավված է «Մեկ ճանապարհ, մեկ գոտի» նախագծում, որի վրա մենք շատ կենտրոնացած ենք: Առաջարկները, որոնք արեցիք, շատ լավն են ու վստահություն ներշնչող, քանի որ, ինչպես Դուք ասացիք, մեծ թվով հայաստանցիներ են ապրում Ռուսաստանում, որոնք հաջողությամբ ինտեգրվել են այդ երկրում: Ուրախ եմ, որ Հայաստանի հետ համագործակցության հնարավորություններ եք առաջարկում: Մենք նախկինում չենք ուսումնասիրել այդ հնարավորությունները»:

Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ Ռեմին Հայաստանում անցկացնելիք ժամանակը կօգտագործի՝ բացահայտելու երկիրը, կայցելի տարբեր ընկերություններ, կրթական հաստատություններ. - «Այս ամենը Ձեզ կտա ընդհանուր պատկերացում և հնարավորություն՝ ծրագրելու, թե ինչ կարող ենք անել»:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG