Մատչելիության հղումներ

«Բարգավաճ Հայաստան»-ը և «Եդինայա Ռոսիա»-ն համագործակցության արձանագրություն են ստորագրել


«Եդինայա Ռոսիա»-ի քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմով, արխիվ
«Եդինայա Ռոսիա»-ի քարտուղարի տեղակալ Անդրեյ Կլիմով, արխիվ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը (ԲՀԿ) և Ռուսաստանի իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը փոխգործակցության և համագործակցության արձանագրություն են ստորագրել: Այս մասին հայտնում է «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը:

Փաստաթուղթը ստորագրել են «Եդինայա Ռոսիա»-ի քարտուղարի տեղակալ, Ռուսաստանի խորհրդարանի վերի պալատի՝ Դաշնության խորհրդի միջազգային հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը և «Բարգավաճ Հայաստան»-ի փոխնախագահ, Հայաստանի խորհրդարանում Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

«Այդ արձանագրությունը մենք ստորագրել են մեր կուսակցությունների ղեկավարության հանձնարարությամբ: Վերջին հաշվով՝ դա կնպաստի մեր երկրների միջև համագործակցության ամրապնդմանը և ամբողջովին համապատասխանում է այն քաղաքականությանը, որ վարում է Ռուսաստանը և, հուսով եմ, Հայաստանը, այդ թվում նաև՝ միջազգային ասպարեզում», - Կլիմովի այս խոսքերն է փոխանցում Ռուսաստանի պետական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը:

Նա նաև նշել է, որ փաստաթուղթը կուսակցությունների համագործակցության բազա կապահովի՝ ուղղված հետխորհրդային ամբողջ տարածքի զարգացմանը, հանուն խաղաղության և անվտանգության:

Կլիմովն առաջարկել է ապրիլին շարունակել երկխոսությունը կուսակցությունների միջև:

Մելքումյանը նշել է, որ խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում պահպանվում են ռուսամետ տրամադրությունները:

«Հայաստանի և Ռուսաստանի միջև համագործակցությունը առաջնահերթություն է, մեր ռազմավարական մոտեցումն է: Մեր կուսակցության հիմնական մոտեցումներից մեկը և՛ եվրասիական, և՛ մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ ամբողջական ինտեգրումն է», - ԲՀԿ փոխնախագահի խոսքերն է փոխանցում «Եդինայա Ռոսիա»-ի մամուլի ծառայությունը:

Միքայել Մելքումյանը Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում գտնվում է Մոսկվայում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG