Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և մեր միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է. Արարատ Միրզոյան


Շարունակվում է Հայաստանի Ազգային ժողովի խոսնակ Արարատ Միրզոյանի աշխատանքային այցը Մոսկվա։ Այսօր Մոսկվայի հայկական եկեղեցու դահլիճում նա հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Միրզոյանը մոսկվայաբնակ հայերին ներկայացրել է իր այցի նպատակները, այցի շրջանակներում կայացած հանդիպումներն ու միջոցառումները, ինչպես նաև հանգստացրել է Ռուսաստանում ապրող հայերին։

«Իհարկե, գաղտնիք չի և՛ Հայաստանյան, և՛ ռուսաստանյան մամուլում, էսպես ասած, սերմանվող անորոշությունը, և ես եկել եմ առաջինը ասելու, որ կարող եք հանգիստ լինել, և մեր երկրների միջև եղբայրությունը ինչպես կար, այդպես էլ շարունակվելու է և, այո, մենք նոր հորիզոններ ենք փնտրելու համագործակցութան», - ասել է Միրզոյանը։

ՀՀ ԱԺ նախագահը, անդրադառնալով ղարաբաղյան խնդրին, նշել է. - «Ուզում եմ անդրադառնալ մեր դիրքորոշմանը, օրինակ, Արցախի հարցում։ Ես գիտեմ, որ շատերի մտքում դա կա, ես ուզում եմ, եթե ձեզ հետաքրքիր է, վստահեցնել, որ Հայաստանի նոր իշխանությունների դիքորոշումը միանշանակ է՝ Արցախի հարցը պետք է լուծվի ազգերի ինքնորոշման իրավունքի նկատմամբ ունեցած հարգանքի և ճանաչման հիման վրա՝ բացառապես, իհարկե, խաղաղ բանակցությունների ճանապարհով»։

Միրզոյանը պատասխանել է նաև այլ հարցերի և, մասնավորապես, ասել է, որ Սփյուռքի նախարարության լուծարումը չի նշանակում, որ կառավարությունն այլևս չի կատարելու այն գործառույթները, որ կատարում էր նախարարությունը։ Միրզոյանը փոխանցել է, որ հիմնվելու է Սփյուռքի հարցերով հատուկ հանձնակատարի ինստիտուտ Հայաստանում։

Ինչ վերաբերում է Ամենայն հայոց կաթողիկոսի շուրջ իրադարձություններին, Հայաստանի Ազգային ժողովի խոսնակն ընդգծել է, որ բնակչության որոշ հատվածների դժգոհություններն ու ակցիաները կաթողիկոսի դեմ ամենևին էլ ուղղորդված չեն «Իմ քայլը» կուսակցության կողմից․ - «Հանկարծ որևէ դավադրության տեսության սիրահարները միշտ ամեն տեղ շատ են, միշտ մեկը կգտնվի, որ կասի՝ հնարավոր չի մարդիկ Հայաստանում գնան ցույց անելու կաթողիկոսի դեմ, եթե իրանք չեն հովանավորվում իշխանությունների կողմից։ Սա է, որ պետք է հասկանալ Հայաստանի մասին խոսելիս, որ հնարավոր է Հայաստանում դա», - ընդգծեց Միրզոյանը

Սա ԱԺ խոսնակի առաջին այցն է արտերկիր։ Երեկ Արարատ Միրզոյանը հանդիպել է Դաշնության խորհրդի ղեկավար Վալենտինա Մատվիենկոյի հետ։ Հանդիպմանը երկու կողմերն էլ խոսել են հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերություններից։ Մատվիենկոն գոհունակություն է հայտնել, որ Հայաստանի նորընտիր ԱԺ ղեկավարն իր առաջին այցը կատարում է Ռուսաստան։

«Ուրախ ենք, որ Դուք Ձեր առաջին այցը կատարում եք Ռուսաստան։ Սա վկայում է այն մասին, որ մեր երկրների միջև հարաբերությունները ռազմավարական բնույթ ունեն», - երեկ հայտարարել էր Մատվիենկոն։

Հանդիպմանը Մատվիենկոն անդրադարձել էր նաև հայաստանյան հեղափոխությանը՝ ընդգծելով, որ Հայաստանում անցած տարի ապրիլին տեղի ունեցած զարգացումները հայ ժողովրդի ընտրությունն է, և Ռուսաստանի համար կարևոր է, որ այդ իրադարձությունները անցնեն Հայաստանի օրենքներին համապատաասխան և ունենան խաղաղ բնույթ։

Արարատ Միրզոյանը, Մատվիենկոին հրավիրելով Հայաստան, ընդգծել է, որ Հայաստանի Ազգային ժողովում ներկայացված երեք ֆրակցիաներն էլ համարում են, որ հայ-ռուսական հարաբերությունների ռազմավարական բնույթը պետք է շարունակական լինի։

«Պաշտոնական Մոսկվան հավաստիացնում է, որ հայ-ռուսական հարաբերություններում չկա լարվածություն, չնայած այն հանգամանքին, որ ռուսական պետական հեռուստաընկերությունները պարբերաբար հակահայկական հաղորդումներ են հեռարձակում», - Մոսկվայում «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց Ազգային ժողովի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավար Ռուբեն Ռուբինյանը։

«Ես պետք է ասեմ, որ մեր բոլոր գործընկերները նշում են, որ սա մամուլի խնդիր է և չի նշանակում, որ այսպիսին է Ռուսաստանի վերաբերմունքը։ Ես պետք է հիմնվեմ ռուսական կողմի պաշտոնատար անձանց արտահայտած դիրքորոշման վրա, իսկ այդ դիրքորոշումը դրական է եղել և դրական է։ Արդյո՞ք ես խնդիր տեսնում եմ, որ լրատվամիջոցներում այդքան էլ բարյացակամ վերաբերմունք չենք տեսնում: Այո, տեսնում եմ։ Ռուս գործընկերները իրենց դիրքորոշումներն արտահայտելիս շատ բարյացակամ են և դրական, մյուս կողմից լրատվամիջոցները երբեմն ոչ այնքան բարյացակամ են և դրական։ Դա խնդիր է ոչ թե մեր ռուս գործընկերների հետ, դա խնդիր է ընդհանրապես, որը պետք է լուծել», - նշեց Ռուբինյանը։

Վաղը Միրզոյանը ելութ կունենա Ռուսաստանի Դաշնության խորհրդի լիագումար նիստին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG