Մատչելիության հղումներ

Այսօր հանդիպում են Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը


ԱՄՆ նախագահի և Հյուսիսային Կորեայի առաջնորդի հանդիպումը Սինգապուրում, 12-ը հունիսի, 2018թ․

Վիետնամի մայրաքաղաք Հանոյում այսօր նախատեսվում է միջազգային քաղաքական տարվա ամենասպասված իրադարձություններից մեկը՝ Միացյալ Նահանգների և Հյուսիսային Կորեայի նախագահներ Դոնալդ Թրամփի և Կիմ Չեն Ընի երկրորդ հանդիպումը:

Առաջինը տեղի է ունեցել անցյալ տարվա ամռանը Սինգապուրում: Դրան նախորդել է ամիսներ տևած չափազանց լարված ժամանակաշրջան, որի ընթացքում կողմերը մեղադրանքներ ու սպառնալիքներ են փոխանակել, բայց շարունակել են անդրկուլիսյան հանդիպումները բարձրաստիճան դիվանագետների և փորձագետների մասնակցությամբ: Ընդ որում, բանակցություններում ներգրավված են եղել նաև Հարավային Կորեայի պաշտոնյաները:

Սինգապուրում Թրամփը և Կիմը պայմանավորվել են աստիճանաբար բարելավել կապերը և ապամիջուկայնացնել Կորեական թերակղզին: Սակայն գործընթացը տվյալ պահին առաջ չի գնում: Փհենյանը պնդում է, որ կիրագործի միջուկային և միջմայրցամաքային հրթիռներից հրաժարվելու խոստումն այն բանից հետո, երբ Վաշինգտոնը չեղարկի պատժամիջոցները: Սպիտակ տունն էլ հակառակն է պահանջում՝ նախ հրաժարում ատոմային ռումբից, և նոր միայն՝ պատժամիջոցների չեղարկում:

Երեկ Թրամփը հանդիպել է նահանգապետերի հետ: Ասելով, որ ճիշտ այդ հանդիպումից հետո ուղևորվում է Վիետնամ, Թրամփը հույս է հայտնել, որ Կիմի հետ բանակցություններն արդյունավետ կլինեն:

«Կարծում եմ՝ շատ լավ գագաթնաժողով կլինի, մենք ուզում ենք ապամիջուկայնացում, իսկ Կիմը կունենա երկիր, որը ռեկորդ կսահմանի արագ զարգացման առումով», - ասել է ԱՄՆ նախագահը՝ նկատել տալով, որ բարեհաջող բանակցությունների արդյունքում Հյուսիսային Կորեայի առաջ կբացվի աննախադեպ զարգացման և բարգավաճման հեռանկար:

Կիմ Չեն Ընը և նրան ուղեկցող պատվիրակներն արդեն Հանոյում են: Օդանավով հազվադեպ երթևեկող Կիմը զրահապատ գնացքով՝ Չինաստանի տարածքով է հասել Վիետնամ: Հանոյում է նաև ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն: Թրամփը և Կիմը կբանակցեն այսօր և վաղը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG