Մատչելիության հղումներ

Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ինը պատմական համաձայնագիր են կնքում


Սինգապուր, 12-ը հունիսի, 2018 թ․

Երկու ղեկավարները ստորագրել են հռչակագիր, ըստ որի՝ Վաշինգտոնն ու Փհենյանն աշխատելու են հարատև ու կայուն խաղաղություն հաստատելու և Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու ուղղությամբ:

«Մենք ստորագրում ենք շատ կարևոր փաստաթուղթ, մենք շատ կարևոր հանդիպում ունեցանք: Ես և նախագահ Կիմ Չեն Ինը պատիվ ունենք ստորագրել այդ փաստաթուղթը»,- ասել է Թրամփը: Հյուսիսային Կորեայի ղեկավարը նույնպես գովեստով է խոսել բանակցությունների մասին․ «Այսօր մենք պատմական հանդիպում ունեցանք և որոշեցինք թողնել անցյալն ու կնքել այս պատմական փաստաթուղթը: Աշխարհը մեծ փոփոխություն կտեսնի»:

Կիմ Չեն Ինը գովեստով է խոսել նաև իր ամերիկացի պաշտոնակցի մասին, ասելով․ «Ես ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել նախագահ Թրամփին՝ այս հանդիպումը հնարավոր դարձնելու համար»: Նախագահ Թրամփն էլ հավաստիացրել է, որ հարաբերությունների բարելավման և Կորեական թերակղզու ապամիջուկայնացման գործընթացը շատ արագ կսկսվի:

Կողմերը ստորագրել են փաստաթուղթ, ըստ որի՝ Միացյալ Նահանգներն անվտանգության երաշխիքներ է տրամադրելու Փհենյանի ռեժիմին, իսկ Կիմ Չեն Ինն, իր հերթին, վերահաստատում է հավատարմությունը «Կորեական թերակղզու ամբողջական ապամիջուկայնացման գաղափարին»:

Նախագահ Թրամփը սինգապուրյան բանակցություններից հետո պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հարցերին: Ներկայացնելով իր տպավորությունները Կիմ Չեն Ինի մասին, նա ասել է, թե Հյուսիսային Կորեայի ղեկավարը շատ խելացի մարդ է և լավ բանակցող: «Չէի ասի, թե դա ինձ զարմացրել է, բայց նա սիրում է իր ժողովրդին: Ես կարծում եմ, որ մենք հրաշալի գործարքի սկիզբն ենք դրել, մենք ապամիջուկայնացնելու ենք Հյուսիսային Կորեան»,- ասել է Թրամփը:

Հարցին՝ արդյո՞ք քննարկվել է մարդու իրավունքների հարցը, նա պատասխանել է․ «Բնական է, որ ժամանակի 90 տոկոսը տրամադրել ենք ապամիջուկայնացման թեմային, բայց խոսել ենք նաև շատ ուրիշ խնդիրների, այդ թվում՝ մարդու իրավունքների մասին»: Հարցին էլ՝ անդրկուլիսյան մանրամասներ կա՞ն, վերջնագիր ներկայացրե՞լ եք, նա արձագանքել է․

«Ոչ մի վերջնագիր, մենք բանակցությունների վրա երեք ամիս ենք աշխատել: Պետքարտուղար Մայք Փոմփեոն ֆանտաստիկ աշխատանք է կատարել: Գիտեք, 25 ժամ չեմ քնել, շատ երկար բանակցություններ են, բայց շատ հպարտ եմ: Սկսվել է գործընթաց, որը կարող էր պատերազմով ավարտվել, միլիոնավոր զոհերով, բայց մենք գործարքով կավարտենք»,- ասել է Թրամփը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG