Մատչելիության հղումներ

Փաստաբաններն ավելի մեղմ պատիժ են խնդրում Մանաֆորտի համար


Փոլ Մանաֆորտ, արխիվ
Փոլ Մանաֆորտ, արխիվ

Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորտի փաստաբանները Վաշինգտոնի դաշնային դատարան միջնորդություն են ներկայացրել՝ խնդրելով ավելի մեղմ պատժի՝ առավելագույնը 10 տարվա ազատազրկման դատապարտել նրան:

Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի երկարամյա խորհրդականը մեղադրվում է ֆինանսական խոշոր մեքենայությունների մեջ: Փաստաբանները նշել են, որ Մանաֆորտը զղջում է իր արածների համար և առողջական խնդիրներ ունի:

69-ամյա Մանաֆորտի վճռի հրապարակումը ակնկալվում է մարտի 13-ին: Մինչ այդ նրա պաշտպանական կողմը պնդում է, որ Մանաֆորտի «գործը սպանությունների, թմրամիջոցների շրջանառության, կազմակերպված հանցագործության, ֆինանսական բուրգերի մասին չէ»: «Մանաֆորտը շոշափելի եկամուտներ է վաստակել Ուկրաինայում քաղաքական խորհրդական աշխատելու շնորհիվ և չի հայտնել պետությանը այդ գումարների մասին ու փորձել է թաքցնել իշխանություններից իր ակտիվները: Նա ամբողջովին ստանձնում է պատասխանատվությունը և խոստովանում իր մեղքը», - դատարանին ներկայացված միջնորդությունում գրել են Փոլ Մանաֆորտի փաստաբանները:

Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավարը անցնում է նաև մեկ այլ քրեական գործով: Ամերիկյան նախագահական ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտությունը հետաքննող ԱՄՆ հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը պնդում է, որ նա խախտել է քննչական մարմինների հետ գործարքի պայմանները, որը կարող էր ապահովել ավելի մեղմ պատիժ:

Մանաֆորտին սպառնում է 19-24 տարվա ազատազրկում, նրանից պահանջում են նաև վճարել շուրջ 55 միլիոն դոլար տուգանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG