Մատչելիության հղումներ

Մարտի 1-ի իրադարձությունները, ըստ պատմաբանի, պատմության դասագրքերում խեղաթյուրված են ներկայացված


Armenia - Vahram Tokmojian, Historian. Undated.

Պատմաբան Վահրամ Թոքմաջյանի պնդմամբ՝ 2008-ի մարտի 1-ի արյունալի իրադարձությունները պատմության դասագրքերում խեղաթյուրված են ներկայացված։

«Պարզ է, որ նախորդ իշխանությունների, իշխանական պատվերով գրված դասագիրք է և քաղաքական կնիք է պարունակում իր մեջ։ Սա ոչ այլ ինչ է, քան պատմության նենգափոխում և պատմության միտումնավոր ցեղախեղում», - ասաց Թոքմաջյանը։

2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած զարգացումների մասին 12-րդ դասարանի պատմության դասագրքում հիշատակվում է հետևյալը․ - «Չընդունելով ընտրության արդյունքները՝ ընդդիմության արմատական թևը՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությամբ, փետրվարի 20-ից 10 օր անընդմեջ հանրահավաքներ սկսեց։ Ապակայունացած իրավիճակը Երևան քաղաքում մարտի 1-2-ը հանգեցրեց ողբերգական դեպքերի։ Տեղի ունեցան բախումներ ոստիկանության և հանրահավաքի մասնակիցների միջև, զոհվեց 10 մարդ, եղան վիրավորներ, երկրում մտցվեց 20-օրյա արտակարգ դրություն»:

«Այն ինչ տեղի է ունեցել, մենք որպես ականատեսներ կարող ենք ասել, որ էս հատվածը կապ չունի մարտի 1,2 դեպքերի հետ․․․ Նույն հեղինակները 96 թվականի սեպտեմբերի մասին տեսեք՝ ինչ են խոսում․ Տեր-Պետրոսյանի օգտին քվեարկել էր մասնակիցների 51.75 տոկոսը, իսկ Մանուկյանի օգտին՝ 41.29 տոկոսը։ Դժգոհելով նախագահական ընտրությունների արդյունքներից՝ այն համարելով կեղծված, մարդիկ դուրս եկան հանրահավաքների և ցույցերի։ Իսկ էն դեպքում բնութագրումը տեսեք՝ ընդդիմության արմատական թևը։ էս դեպքում մարդիկ էին, էս դեպքում մարդիկ չէին, հա՞, էս դեպքում կեղծվել էր, էն դեպքում չէր կեղծվել...»

Թոքմաջյանը, ով Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած հանրահավաքներին մասնակցել է առաջին օրվանից, մարտիմեկյան իրադարձությունների ականատեսն է, հարցնում է, թե 11 տարի շարունակ դասագրքում «կեղծված տեղեկատվությունից» ինչ կարող է սովորել աշակերտը, ու ինքն էլ պատասխանում․ - «Առանձնապես ոչ մի բան չի կարող ստանալ: Ինչ-որ աղոտ պատկեր, որ չար մարդիկ էին՝ արմատական տրամադրված, դուրս եկան, ոստիկանների հետ կռիվ արեցին, և արդյունքում տասը մարդ զոհվեց․․․ Իսկ թե ինչ էր եղել, ընտրությունները ինչպես էին կեղծվել, էդ ցուցարարները խաղաղ էին, թե խաղաղ չէին․․․ իհարկե խաղաղ էին: Ո՞վ է հրաման տվել կրակելու, տասը մարդ ինչպե՞ս զոհվեց․․․ ցուցարարները չսպանեցին այդ մարդկանց․․․ Բոլոր էն հիմքերը, որ մենք հիմա ունենք, և բոլոր էն փաստերը, որոնք հիմա հրապարակային քննարկվում են, գալիս են հակադրվելու էն տեսքստին, որը կա դասագրքում: Այսինքն, տասնմեկ տարի շարունակ էդ տեքստը դասագրքում կեղծվել է»:

Պատմաբանն առաջարկում է ստեծցել վերամշակված տարբերակ գոնե նորագույն շրջանի այն հատվածի վերաբերյալ, որը դասագրքում կեղծված է, իսկ հետագայում արդեն ամբողջական փաթեթային լուծում ունենալ։

Կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանը, «Ազատության» հարցին ի պատասխան, ևս պնդեց, որ Մարտի 1-ի իրադարձությունները դասագրքերում կողմնակալ են ներկայացված․ - «Հիմա ունենք Հայաստանում հնարավորություն էս խնդիրն էլ լուծել, որ այլևս չլինեն քաղաքական կոնյունկտուրայով պայմանավորված տեսակետներ, և պատմաբաններն էլ չվախենան, որ եթե իրենք մի փոքր օբյեկտիվ գրեն, կամ ավելի ինֆորմացիոն ձևով գրեն, դրա համար կարող են իրանցից դժգոհել»:

Ինչ վերաբերում է հայոց պատմության դասագրքերի այդ հատվածին, ապա դրանց հեղինակը պատմաբան, Երևանի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մարտի 1-ի դեպքերի միայն փաստերն է արձանագրված պաշտոնական հաղորդագրության եղած տեղեկություններից: Այսինքն՝ ընդհարման արդյունքում տասը զոհ եղավ: Ուրիշ բան էնտեղ չկա գրված․ որ, ասենք թե, քննարկվեց, էս կողմն էր մեղավոր, մյուս կողմն էր մեղավոր․․․ նման որևէ բան չկա ձևակերպումների մեջ: Էդ որ պնդում են, թե դասագրքերում խեղաթյուրված է, դա իրականությանը չի համապատասխանում»:

Մինասյանը կարծում է, որ դասագրքերի վերանայման հարցը կարելի է քննարկել այն դեպքում, երբ ավարտվեն Մարտի 1-ի գործով դատական գործընթացները․ - «Կարծում եմ, որ պիտի միայն դատական նիստերից հետո, երբ արդեն լրիվ քննությամբ պարզ կլինեն վերջնական արդյունքները, գնահատականները տրված կլինեն, նոր կարելի է էդ դեպքում անդրադառնալ և նշել՝ ենթադրենք, ինչ հետևանքներ ունեցավ: Որովհետև շատ բաներ, ես համամիտ եմ, որ դեռևս բացահայտված չեն, շատ բաներ կան, որ քննության պրոցեսում են: Էսօր էդ տեսակետներին մոտենալ և գնահատական տալ, իմ կարծիքով, իհարկե ճիշտ չի: Օրինակ, շատ դեպքերում ես կողմնակից էին երկկողմանի գնահատական տալուն․․․ Երկու կողմից էլ, իհարկե, գնահատականը մեկն էր՝ որ հանրապետության համար և ընդհանրապես ցանկացած երկրի համար սա վարկաբեկիչ երևույթ էր»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG