Մատչելիության հղումներ

Մասիսի քաղաքապետի գործը հետ է ուղարկվել լրացուցիչ նախաքննության


Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, հունիս, 2018թ․
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյան, հունիս, 2018թ․

Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռ Համբարձումյանի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի և ևս 8 անձի վերաբերյալ քրեական գործը դատախազությունը հետ է ուղարկել Քննչական կոմիտե՝ լրացուցիչ նախաքննության, քննչական ու դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված: Այլ մանրամասներ Գլխավոր դատախազությունը չի հայտնում։ Կողմերը մամուլից են տեղեկացել դատախազության այս որոշման մասին։

Օրերս Քննչական կոմիտեն հայտարարել էր նախաքննությունն ավարտելու մասին, ինչից հետո գործն ուղարկել էր դատախազություն` մեղադրական եզրակացությունը հաստատելու համար։

Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին խաղաղ հավաքներ և երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։

Մասիսի քաղաքապետի և նրա եղբոր պաշտպան Տիգրան Աթանեսյանն «Ազատության» հետ զրույցում պնդեց՝ գործը ոչ թե պետք է հետ ուղարկվեր նախաքննական մարմին, այլ պետք է կարճվեր՝ անհիմն լինելու պատճառով։

«Գործի նյութերը մենք ստացել ենք, ծանոթացել ենք, ես իմ գնահատականը ասել եմ՝ դա քրեական գործ չի, դա ավանտյուրա է, և ոչ թե պետք է լրացուցիչ քննչական կամ դատավարական գործողություններ կատարեն, այլ պարզապես պետք է կարճեն», - հայտարարեց Աթանեսյանը:

Զանգվածային անկարգությունների և խուլիգանության հոդվածներով մեղադրվող Մասիսի քաղաքապետն ու եղբայրը ամիսներ առաջ կալանքից ազատ են արձակվել համապատասխանաբար 5 միլիոն և 2 միլիոն դրամ գրավի դիմաց։

Ըստ Քննչական կոմիտեի՝ Մասիսի քաղաքապետը մեղադրվում է երկու տարբեր դրվագներով։ Երկու գործերն էլ առնչվում են ներկայումս վարչապետ, այն ժամանակ ընդդիմադիր գործիչ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած բողոքի ակցիաներին։

Համաձայն մեղադրանքի՝ 2018-ի ապրիլի 22-ին մայրաքաղաքի Էրեբունի փողոցում տեղի ունեցած ակցիայի ժամանակ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, որը, ըստ մամուլի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի դստեր ամուսինն է, բռնություն է գործադրել ակցիայի մասնակիցների նկատմամբ։

Ըստ Քննչական կոմիտեի, Էրեբունիում քաղաքացիական հագուստով մարդիկ, հիմնականում՝ բժշկական դիմակներով, հարձակվել էին խաղաղ ցուցարարների վրա, քարերով ու մահակներով հարվածել նրանց։ Քաղաքացիների նկատմամբ բռնություն էր գործադրվել նաև էլեկտրահարող սարքերով:

Երկրորդ միջադեպը տեղի է ունեցել այդ օրն ավելի ուշ՝ Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկի բանուկ հատվածում, Մասիսի քաղաքապետի ու նրա եղբոր մասնակցությամբ։

Դավիթ Համբարձումյանի փաստաբանները պնդում են՝ Մասիսի քաղաքապետն Էրեբունիում չի եղել, իսկ Հայանիստում եղել է, քանի որ տեղեկացել է, որ այնտեղ են գտնվում նաև Մասիսի բնակիչները։ Այդ օրը Հայանիստ-Հովտաշատ խաչմերուկում քաղաքացիները փակել էին ճանապարհը։

«Էրեբունիում ինքը չի եղել, Հայանիստում եղել է, բայց ոչ թե դեպքին է մասնակցել, այլ հանդարտացրել է իրավիճակը, իսկ դեպքը եղել է լրիվ այլ մարդկանց միջև և ուրիշ պատճառներով: Դա արվել է լրատվամիջոցների շնորհիվ, իրավապահ մարմինները որոշել են շողոքորթել նոր իշխանություններին և դուր գալ և այսպիսի մի խայտառակ գործընթաց են սկսել, ընդամենը», - ասաց Տիգրան Աթանեսյանը:

Քաղաքապետի եղբայրը՝ Գոռ Համբարձումյանը անցնում է նաև Երևանի Հերացի փողոցում տեղի ունեցած անկարգության դրվագով․ քաղաքացիները փակել էին ճանապարհը, իսկ Համբարձումյանն ու նրա ընկերները ավտոմեքենայից դուրս գալով՝ փորձել են բացել ճանապարհը, քանի որ, ինչպես պնդում էին, շտապում էին հիվանդանոց։ Աթանեսյանն ասաց՝ իր պաշտպանյալներն առերեսման չեն մասնակցել, քանի որ ենթադրում էին, որ քննիչը փորձել է ուղղորդել տուժողների ցուցմունքները։ Բացի այդ, ըստ փաստաբանի, նախաքննական մարմինն իր պաշտպանյալներին գործով ճանաչման չի ներկայացրել։

«Գործով կար երևի երկու-երեք ցուցմունք Հայանիստի դրվագով միայն, որոնք որ հերքվեցին առերեսումներով, հերքվեցին այդ իսկ վկաների կողմից, որից հետո, դա օգոստոս ամիսն էր, նախաքննությունը կանգ առավ, առերեսումներն ընդհատվեցին, և կարելի է ասել՝ ոչինչ չէր կատարվում մինչև այս քննության ավարտ հայտարարելը», - նշեց Աթանեսյանը՝ շարունակելով․ - «Գործով կա մի դրվագ՝ Նորագավիթից, որտեղ Սերժ Սարգսյանի կողմնակիցներն են փողոց փակել, և այդ մարդիկ մեղադրվում են խուլիգանության մեջ: Միևնույն ժամանակ, հայելային դրվագը՝ Հերացի փողոցի հետ կապված, այնտեղ ցուցարարները հերոս են, մեքենա վարողները՝ հանցագործ: Էս դեպքում տուժող է մեքենա վարողը, որը քշում էր մարդկանց վրա, փողոց փակողները հանցագործ են: Այ սա է արդարադատության իսկական երեսը»:

Տվյալ գործով կալանավորված անձ այս պահին չկա։ Տուժողների թիվը 15-ն է։ Տուժողներից Անդրանիկ Մանուկյանի և Արտակ Բաբայանի պաշտպան Արա Ղարագյոզյանն ասաց՝ գոհ է նախաքննությունից։

«Տեղի է ունեցել օբյեկտիվ, բոլոր գործողությունները կատարել են, առերեսումները քննիչը կազմակերպել է, սակայն մեղադրանքի կողմը հրաժարվել է առերեսման մասնակցելուց, և բոլոր միջոցները գործադրվել են բազմակողմանի, օբյեկտիվ, լրիվ քննություն իրականացնելու համար», - «Ազատության» հետ զրույցում ընդգծեց Ղարագյոզյանը:

Տուժողներ Մանուկյանն ու Բաբայանը մասնակցել են անցած տարի Հերացի փողոցում տեղի ունեցած բողոքի ակցիային։ Արա Ղարագյոզյանը փոխանցում է նրանց պատմությունը՝ կասկած հայտնելով, որ Մասիսի հանրապետական քաղաքապետի եղբայրն ու ընկերները հիվանդանոց չէին շտապում՝ նրանց նպատակը ակցիան խանգարելն էր:

«Այո, տուժողները պնդում են և դրա վերաբերյալ ցուցմունքներ են տվել, նույնիսկ մենք ապացույցներ ենք ներկայացրել, որտեղ որ կոնկրետ այդ մարդիկ եկել էին խաղաղ հավաքները խոչընդոտելու համար: Եվ հիմնականում իրենք պատճառաբանում էին, որ այդ ճանապարհով պետք է հիվանդանոց գնան, բայց վերջում հետո այդ փողոցը բացվեց, և նրանք այդ ճանապարհով չգնացին, շուռ եկան էն ճանապարհով, որ ճանապարհով որ եկել էին», - մանրամասնեց տուժողների փաստաբանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG