Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսի փոխանցմամբ՝ այն բանից հետո, երբ Սիրիայից դուրս կբերվի շուրջ 2 հազար զինծառայողների մեծ մասը, այդ երկրում որոշ ժամանակ կմնան առնվազն 200 ամերիկացի «խաղաղապահներ»:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անցյալ տարվա դեկտեմբերին է հանդես եկել բանակը Սիրիայից դուրս հանելու հայտարարությամբ, որն անակնկալ էր դարձել ոչ միայն ամերիկյան, այլև աշխարհի քաղաքական շրջանակների համար: Նախագահն ասել է, թե բանակն ավարտել է առաքելությունը Սիրիայում, քանի որ «Իսլամական պետության» կառույցն այլևս ջախջախված է:
Մինչդեռ հանրապետականներից շատերը, դեմոկրատները, ինչպես նաև մի շարք օտարերկրացի քաղաքական գործիչներ քննադատել են Թրամփի որոշումը՝ պնդելով, որ բանակի շուտափույթ դուրսբերումը ծանր կացության մեջ կդնի Սիրիայում ամերիկացիների դաշնակիցը համարվող քրդերին, քանի որ նրանք Թուրքիայի թիվ մեկ թիրախն են տարածաշրջանում:
Բացի այդ, ըստ քննադատների, բանակը դուրս հանելու Թրամփի որոշումը կարելի է համարել Իրանի և Ռուսաստանի հաղթանակը:
Սիրիայում 7 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմի ընթացքում Թեհրանը և Մոսկվան սատարում են նախագահ Բաշար ալ-Ասադին, մինչդեռ Վաշինգտոնը և Անկարան այդ կոնֆլիկտում սատարում են հակակառավարական տարբեր ուժերին: