Մատչելիության հղումներ

Ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի մեխանիզմ. Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկացնում է վարչապետի պաշտոնական կայքէջը։

Փաշինյանը նշել է, որ ռազմարդյունաբերության համալիրի զարգացումը կառավարության կողմից հռչակված է որպես առաջնահերթություն՝ շարունակելով. «Մենք այստեղ պետք է կարողանանք շատ լուրջ փոփոխությունների և արդյունքների հասնել: Սրա համար անհրաժեշտ է, իհարկե, իրականացնել և՛ կառուցվածքային փոփոխություններ, և՛ գտնել հնարավորություններ, որպեսզի ոլորտի ֆինանսավորումն էական մեծանա»:

Կառավարության ղեկավարը ընդգծել է, որ ռազմարդյունաբերական համալիրի զարգացման համար անհրաժեշտ է ունենալ գիտական պոտենցիալի, մասնավոր ներդրումների և պետական կառավարման համակարգի շատ հստակ աշխատող մեխանիզմ, և առաջիկայում այս հարցը պետք է լինի իրենց ուշադրության կենտրոնում:

«Իհարկե, մենք այս համատեքստում ենք դիտարկում նաև Հայաստանում բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության ստեղծումը, որը կարևոր, բայց ոչ բավարար պայման է, որպեսզի մենք կարողանանք ոլորտում լուրջ փոփոխությունների հասնել: Այստեղ շատ կարևոր է մեր գիտական ներուժի հետ համագործակցության հարցը և նաև Պաշտպանության նախարարության, Գլխավոր շտաբի վերլուծական աշխատանքը մեր Զինված ուժերի կարիքների համար, որովհետև շատ կարևոր է, որ նույնիսկ այն միջոցները` դրանք շատ են, թե քիչ են, իհարկե, կարևոր է, որ շատ լինեն, բայց շատ լինելու պարագայում նաև պետք է թիրախները ճիշտ որոշվեն, պետք է ճիշտ որոշվի, թե մենք ինչ կարգի մշակումների, հետազոտությունների, արտադրանքի, սպառազինության և տեխնիկայի կարիք ունենք, և դրանց որ մասի մշակումը, արտադրությունը և արդիականացումը կարող ենք իրականացնել Հայաստանի Հանրապետությունում», - նշել է Փաշինյանը:

Վարչապետը հավելել է. «Պարապ օղակները ծայրահեղ դաժանությամբ վերացնելը մեր ամենակարևոր խնդիրն է` անկախ նրանից, թե դա որ ոլորտին է վերաբերում, առավել ևս՝ ռազմարդյունաբերության, տեխնոլոգիաների ոլորտներին: Մենք այստեղ պետք է կարողանանք իսկապես տեխնոլոգիական լուծումներ առաջարկել: Տեխնոլոգիական լուծում ասելով ես պատկերացնում եմ հետևյալը` կարևորը, կոպիտ ասած, ոչ թե տանկն է, այլ այն խնդիրը, որը մենք ուզում ենք լուծել տանկի միջոցով: Հետևաբար, տանկը չէ կարևորը, այլ խնդիրը և դրա լուծումը»։

ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանը նշել է, որ ռազմարդյունաբերական համալիրի պատվիրակությունն այս տարի առաջին անգամ մասնակցել է Արաբական Միացյալ Էմիրություններում 2 տարին մեկ անգամ կազմակերպվող ռազմական տեխնիկայի և սպառազինության IDEX համաշխարհային ցուցահանդեսին՝ առանձին տաղավարով:

Նրա խոսքով՝ Միջին Արևելքի ներդրողների շրջանում մեծ հետաքրքրություն կա հայկական ռազմական արտադրանքի նկատմամբ, ինչը լավ հիմք է ներդրումների ներգրավման և գիտատեխնոլոգիական արտադրանքի արտահանման շուկաները ընդլայնելու համար:

Այնուհետև նիստի ընթացքում քննարկվել են ռազմարդյունաբերության համալիրի զարգացման ուղղված ծրագրերը և անելիքները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG