Մատչելիության հղումներ

«Սև տուփ»․ Սունդուկյանի անվան թատրոնը նոր, յուրօրինակ բեմահարթակ ունի


Սունդուկյանի անվան թատրոնի շենքը Երևանում, արխիվ
Սունդուկյանի անվան թատրոնի շենքը Երևանում, արխիվ

Black Box կամ «Սև տուփ»՝ այսպես է կոչվում Գաբրիել Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնի նոր, յուրօրինակ բեմահարթակը, որը միակն է հայ թատրոնի պատմության մեջ և որտեղ սկսած արդեն ապրիլից նոր բեմադրություններ կներկայացվեն՝ հիմնականում երիտասարդ ռեժիսորների կողմից:

«Ազատությանը» տված հարցազրույցում թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանն ընդգծում էր, որ այդ մտահղացումը ինքն ու թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը վաղուց են ունեցել, ավելին՝ իրենց ծրագրային դրույթներից մեկն է եղել, որը և իրականություն են դարձրել:

«20-ականներին նախորդ դարի առաջավոր Եվրոպայում ծագեց այդ գաղափարը՝ կոտրել կարծրատիպերը թատերական ձևի, և «Սև տուփը» փաստացի կոտրում է բոլոր ձևերը, բայց միևնույն ժամանակ համատեղելով բոլոր ձևերը մեկ ձևաչափի մեջ: Այսինքն՝ դու ունես քառակուսի տուփ կամ ուղղանկյուն տուփ, որտեղ ըստ քո պահանջված ներկայացման դու կարող ես արդեն ձևը որոշել ինքնուրույն», - ասաց Մկրտչյանը՝ շարունակելով․ - «Ոչ միայն դրա մասին է խոսքը, այլ ընդհանրապես տարբեր հարթակներ ունենալու գաղափարն է եղել: Եվ այս «Սև տուփը», որ մենք այստեղ կառուցել ենք, դա ամենաանմխիթար վիճակում գտնվող տարածքն էր՝ քայքայված, փլուզման եզրին հասած, նաև էստեղ պետք էր փրկել այդ տարածքը և մարդկանց մեջ հավատ արթնացնել, որ մենք կարող ենք կառուցել, կարող ենք ամեն ինչ թարմացնել, նորացնել»:

Տնօրենը հիշեցրեց, որ ժամանակին թատրոնը շրջակայքում տարածքներ ու շինություններ է ունեցել, որոնք վաղուց այլևս թատրոնին չեն պատկանում, բայց ահա այն վայրը, որտեղ այսուհետ կգործի նոր բեմահարթակը, դեռ պահպանվել էր:

«Մեր թատրոնին կից՝ Մայր թատրոնին կից, 73-74 թվերին կառուցվել է արտադրական մասնաշենք, նկարչական մասնաշենք, այնուհետև՝ տպագրատուն, որը, իհարկե, հիմա օտարված է՝ տպագրատունը և իր կողքի հարակից տարածքը, այս նկարչական արվեստանոցը՝ մենք վերածնունդ տվեցինք դրան: Նկարչական արվեստանոցում, որը դարձել էր պահեստ, քայքայման եզրին էր, արդեն փլուզման եզրին էր, մենք դարձրեցինք դա նոր արարումների վայր», - ասաց Վարդան Մկրտչյանը:

Հարցին, թե ի՞նչ բեմադրություններ են անելու այդտեղ, ովքե՞ր են աշխատելու, թատրոնի տնօրենը պատասխանեց․ - «Այս պահին արդեն հրավիրված է Սերժ Մելիք-Հովսեփյանը, որը Մաթիե Վիշնյակի «Ռիչարդ երրորդը տեղի չի ունենա, կամ դրվագներ Մեյերխոլդի կյանքից»՝ այդ պիեսն է անում: Վիշնյակը շատ պահանջված ժամանակակից հեղինակ է Եվրոպայում, և կարծում եմ՝ շատ հետաքրքիր ներկայացում ենք ունենալու: Այնուհետև դրան կհաջորդի Արմեն Վաթյանի «Սըրփրայզ» ներկայացումը, կամ «Ծննդյան նվեր» ներկայացումը, որը կբեմադրի Ալեն Վաթյանը»:

Դահլիճում տեղերը քանակը նույնպես, ըստ Մկրտչյանի, հարաբերական է, «որովհետև տվյալ բեմադրիչն է որոշում, թե քանի մարդ պետք է նստի իր ներկայացմանը, ինչ ձևով պիտի նստի, որովհետև ամեն ինչ շարժական է»: «Մենք, իհարկե, ունենք պատերի տակ կառուցված նստարանաձև նստատեղեր՝ էդտեղ մոտավորապես 150 հոգի կարող է նստել, բայց աթոռների վրա արդեն՝ ձևը կորոշեն բեմադրիչները», - հավելեց նա:

Հարցին՝ այս նոր բեմահարթակով արդյո՞ք փորձում են կոտել կարծրատիպերը Սունդուկյանի թատրոնի մասին, տնօրենը դրական արձագանքեց․ - «Այո՛, նաև: Ես ուզում եմ կոտրել կարծրատիպերը, ես ուզում եմ թարմ մտածողություն առաջանա մարդկանց մոտ, ես ուզում եմ սա լինի կարևոր վտակ, որը թարմություն կբերի իր հետ: Ես շատ բաներ եմ ուզում՝ ուզում եմ հավատ արթնացնել մարդկանց մեջ, որ մարդիկ ամեն սանտիմետրին թատրոնի տեր կանգնեն, որ թատրոնից այլևս ոչինչ չօտարվի․․․»:

«Նշածս երկու ներկայացումներից զատ՝ Կիզիի «Թռիչք կկվի բնի վրայով» վեպի հիման վրա մենք բեմականացնում ենք այժմ «Եվ մշուշը ցրվեց» ներկայացումը: Առաջիկա այս երեք նոր նախագծերն են, որոնց մասին ես կարող եմ արդեն հայտարարել, մնացածը դեռ մշակման փուլում են», - Մայր թատրոնի առաջիկա ծրագրերի մասին ասաց Վարդան Մկրտչյան:

Թե ինչ խնդիրներ ունի թատրոնը նոր Հայաստանում և հաղթահարելի են արդյոք այդ խնդիրները, այդ կապակցությամբ տնօրենը ասաց․ - «Ես կիսում եմ այն կարծիքը, որ թատրոնը երկրի, պետության փոքր մոդելն է, և ինչ խնդիրներ որ կան երկրում, նույն խնդիրներն էլ կան թատրոնում՝ թատրոնում արտացոլված են էդ ամեն ինչը, պարզապես մոդելն է, ձևն է փոքր: Միայն մի բան կարող եմ ասել՝ 2018 թվականին մենք կրկնապատկել ենք մեր տոմսային տնտեսության մուտքերը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG