Մատչելիության հղումներ

Կիևը Մոսկվային մեղադրում է գալիք նախագահական ընտրություններին միջամտելու պլաններ և մեխանիզմներ ստեղծելու մեջ


Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կոնոնենկո, արխիվ
Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կոնոնենկո, արխիվ

Ուկրաինայի առաջիկա նախագահական ընտրություններից առաջ երկրի անվտանգության ծառայությունը Ռուսաստանին մեղադրում է ընտրություններին միջամտելու պլաններ և համապատասխան մեխանիզմներ ստեղծելու մեջ։

Անվտանգության ծառայության փոխտնօրեն Վիկտոր Կոնոնենկոն երեկ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, թե Ռուսաստանի մի խումբ քաղաքացիներ, իրենց ուկրաինացի գործընկերների հետ, անօրինական կառույցներ՝ բուրգեր են ստեղծել, որոնց մեջ մտնում են ընտրատարածքային շրջանների ղեկավարները, ընտրական հանձնաժողովների պաշտոնյաներն ու մշտական անդամները։

«Նրանց խնդիրն է ապահովել, որ նախագահի համապատասխան թեկնածուն որոշակի ձայներ ստանա բոլոր ընտրատեղամասերում։ Դա նշանակում է, որ բանդայի կողմից հավաքագրված տեղացի բնակիչները նախատեսված թեկնածուի համար անհրաժեշտ ձայներ են ապահովում՝ ամսական ստանալով դրամական որոշակի պարգևատրումներ», - ասել է Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխտնօրենը։

Կոնոնենկոն, սակայն, չի նշել, թե նշված սխեման նախագահական ընտրություններին առաջադրված 44 թեկնածուներից որ մեկի օգտին է գործելու։

Ըստ սոցհարցումների, առաջատար թեկնածուներ են համարվում կատակերգու դերասան Վլադիմիր Զելենսկին, գործող նախագահ Պետրո Պորոշենկոն, նախկին վարչապետ, ընդդիմության առաջնորդներից Յուլիա Տիմոշենկոն։

Ուկրաինայի անվտանգության ծառայության փոխտնօրենն ասել է, թե բուրգում ընդգրկված որոշ կազմակերպիչներ ակտիվորեն մասնակցում են Ռուսաստանի քաղաքական կյանքին։ Ըստ նրա, օրինակ, Ուկրաինայի Վիննիցայի շրջանում քվեարկության պատասխանատու Ռուսաստանի քաղաքացի Վլադիմիր Ռյաբինը 2012-ին Ռուսաստանի նախագահական ընտրություններին մասնակցել է որպես Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատների առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկու վստահված անձ։

Ռուսաստանի իշխանությունները հերքում են Ուկրաինայի ընտրություններին միջամտելու վերաբերյալ Կիևի մեղադրանքները։

Ուկրաինայի նախագահական ընտրություններն անցկացվելու են մարտի 31-ին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG